ԿԱՅԱՑԱՎ ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ԱՆՑՈՂԻԿՆ ՈՒ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆԸ»<br /> ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ<br />


ԿԱՅԱՑԱՎ ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ԱՆՑՈՂԻԿՆ ՈՒ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆԸ»
ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

  • 06-10-2006 18:25:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Անցողիկն ու հավիտենականը» ժողովածուում, որի շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 6-ին Հայաստանի Գրողների միությունում, ընդգրկված են Վահագն Դավթյանի բանաստեղծությունները, օրագրային վերջին գրառումներն ու խորհրդածությունները, ինչպես նաեւ ժամանակակիցների հուշերը նրա մասին: Գիրքը կազմել եւ խմբագրել են գրականագետ Գրիգոր Ջանիկյանը եւ ասմունքող Սիլվա Յուզբաշյանը: ՀԳՄ-ի նախագահ Լեւոն Անանյանը նշեց, որ այս ժողովածուն Վ.Դավթյան բանաստեղծի, անզուգական թարգմանչի, խմբագրի, ազգային հասարակական գործչին նվիրված մի հրաշալի հուշարձան է: Ըստ նրա, այս ժողովածուն` իր խորությամբ եւ բովանդակությամբ, շահեկանորեն տարբերվում է վերջին տարիներին հրատարակված հուշագրություններից: Լ.Անանյանը նշեց նաեւ, որ թեեւ բանաստեղծի մահվանից անցել է 10 տարի, սակայն այսօր էլ շարունակվում է նրա անտիպ գործերի հրատարակումը առանձին գրքերով: Դա, ըստ նրա, վկայում է այն մասին, որ «Վահագն Դավթյանի ստեղծագործությունը արժեւորվել է ե'ւ նրա կյանքի օրոք, ե'ւ նրա մահից հետո»: Ժողովածուում, ի թիվս այլոց, մեջբերված է հայ պոեզիայի հսկաներից մեկի` Ավետիք Իսահակյանի, կարծիքը այն ժամանակ դեռեւս երիտասարդ բանաստեղծի մասին: Վարպետը, կարդալով Վ.Դավթյանի բանաստեղծությունները, գրել է. «Վ.Դավթյանը բազմաշնորհ բանաստեղծ է, նրա բանաստեղծությունները միջնադարյան մեր երգերի խորությունն ունեն եւ արեւմտահայ պոեզիայի շքեղությունը, պոետական կուլտուրան բարձր է, տեխնիկապես կուռ է, հողի բույր ունի, բայց եւ եթերային է»: Նշենք, որ 2007թ.-ին նախատեսվում է մեծ հանդիսությամբ նշել Վ.Դավթյանի 85-ամյակը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play