ՀՀ ԱԺ-ՈՒՄ ՁԱԽՈՂՎԵՑ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՈԼՈՐՏԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ<br /> ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ<br />


ՀՀ ԱԺ-ՈՒՄ ՁԱԽՈՂՎԵՑ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՈԼՈՐՏԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

  • 03-10-2006 17:20:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ազգային Ժողովի հոկտեմբերի 3-ի նիստում ձախողվեց կառավարության հեղինակած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում եւ դրանից բխող մի շարք օրենքներում փոփոխությունների փաթեթի առաջին ընթերցմամբ ընդունումը: Այն ստացավ ընդամենը 46 «կողմ» եւ 1 «դեմ» ձայներ, մինչդեռ քվեարկությունը կայացած համարվելու համար անհրաժեշտ էր առնվազն 66 պատգամավորի մասնակցությունը: Քվեարկությանը չմասնակցեցին «ՀՅԴ», «Արդարություն», «Ազգային միաբանություն», «Օրինաց երկիր» խմբակցությունների ներկայացուցիչները եւ որոշ անկախ պատգամավորներ: Վերջինները դեռեւս սեպտեմբերի 26-27-ի արտահերթ նիստերում քննարկման ժամանակ առաջարկել էին կառավարությանը ետ վերցնել փաթեթը, կազմակերպել ընդլայնված լսումներ` ոլորտի մասնագետների եւ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, լրամշակել նախագիծը եւ հետո միայն այն դնել շրջանառության մեջ: Նույնաբովանդակ հայտարարությամբ սեպտեմբերի 26-ին հանդես էին եկել 5 լրագրողական կազմակերպություններ, որոնք, մասնավորապես, իրենց մտահոգությունն էին հայտնել կառավարության կողմից հապճեպ շրջանառության մեջ դրված նախագծում առկա մի շարք վիճելի դրույթների կապակցությամբ: Ըստ նշված հայտարարության, այդ դրույթները «լուրջ մտավախություններ են առաջացնում խոսքի ազատության եւ հեռուստառադիոհեռարձակման շուկայի արդար ու օբյեկտիվ կարգավորման տեսակետից»:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play