ՄԻՔԱՅԵԼ ԻՍՊԻՐՅԱՆ. «ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՍՊՈՐՏԻՆ ՏՎԵՑ<br /> ԱՇԽԱՐՀԻՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՎ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ»<br />


ՄԻՔԱՅԵԼ ԻՍՊԻՐՅԱՆ. «ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՍՊՈՐՏԻՆ ՏՎԵՑ
ԱՇԽԱՐՀԻՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՎ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ»

  • 20-09-2006 18:22:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ամենակարեւորը, որ տվեց Հայաստանի անկախացումը հայրենական սպորտին, դա 1990թ. հոկտեմբերի 24-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) ստեղծումն է: Այս կարծիքը հայտնեց «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ Ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ, պատմագիտության դոկտոր Միքայել Իսպիրյանը: Դրա շնորհիվ, ըստ նրա, Հայաստանը 1993թ.-ին սեպտեմբերի 24-ին ճանաչվեց միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից, ինչից հետո առանձին պատվիրակությամբ` իր դրոշով եւ օրհներգով է ներկայանում օլիմպիական խաղերին: Ներկայումս ՀԱՕԿ-ը միավորում է օլիպիական 30 մարզաձեւերի ազգային ֆեդերացիաներ, ոչ օլիմպիական մարզաձեւերի 5 ֆեդերացիաներ եւ 17 հասարակական կազմակերպություններ: Բացի օլիմպիական խաղերից, Հայաստանի հավաքականները մասնակցում են աշխարհի եւ Եվրոպայի առաջնություննեին, ինչպես նաեւ բազմաթիվ միջազգային մրցաշարերի: Եվ, ըստ Մ.Իսպիրյանի, բնական է, որ այժմ արդեն տարբեր մրցասպարեզներում ավելի հաճախ է հոլովվում «Հայաստան» բառը եւ երկիրը ներկայանալի է դառնում համայն աշխարհին: Բնական է նաեւ, որ հայ մարզիկներին հաշվին արձանագրվել բազում հաջողություններ: Օրինակ, հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանը 1996թ-ին Ատլանտայում դարձավ անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոնը: Նույն մրցումներում մեկ այլ ըմբիշ, ազատ ոճային Արմեն Մկրտչյանը արժանացավ «արծաթի»: Իսկ 2000թ.-ի օլիպիադայում պատվանդանի «բրոնզե» աստիճանին կանգնեց ծանրորդ Արսեն Մելիքյանը: Ընդհանրապես 1997-2006թթ.-ին աշխարհի, Եվրոպայի առաջնություններում (տարբեր տարիքային խմբերում) եւ օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկները նվաճել են ավելի քան 630 մեդալ: Մ.Իսպիրյանը նշեց, որ մարզական հաջողությունները զարգացնելու նպատակով Հայաստանի կառավարությունը, պետական ու հասարակական տարբեր կազմակերպություններ վերջին տարիներին լուրջ աշխատանքներ են կատարում մարզադպրոցների վերանորոգման եւ բարեկարգման ուղղությամբ: Այդ մարզօջախներին կառավարությունը գերատեսչական պատկանելությունից անկախ տրամադրում է անհրաժեշտ մարզագույք եւ հանդերձանք: «Իհարկե, կան նաեւ թերություններ, որոնք կհաղթահարվեն առաջիկա տարիներին: Կարեւորը այն է, որ անկախ ենք եւ մեր պատվիրակները աշխարհին են ներկայանում «Հայաստան» մակագրությամբ մարզազգեստով»,- ասաց Մ.Իսպիրյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ