ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ<br /> ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐ<br />


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ
ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐ

  • 06-09-2006 18:20:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ներկայումս ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայությունը եւ Մաքսային պետական կոմիտեն իրականացնում են էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման եւ ձեւակերպաման փորձնական ծրագրեր: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանը: Նրա խոսքերով, նախատեսվում է անցում նաեւ բիզնեսի էլեկտրոնային գրանցմանը: Տ.Դավթյանի պարզաբանմամբ, աշխարհի փորձը ցույց է տալիս, որ գործարար մթնոլորտի բարելավման լավագույն միջոցներից մեկը պետության եւ գործարարի միջեւ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության եւ հաղորդակցությանն անցնելն է, ինչը նաեւ նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը: Նշվեց, որ գործարար մթնոլորտի բարելավմանն ուղղված այդ քայլերը ՀՀ կառավարությունը ձեռնարկում է տարեկան ծրագրերի շրջանակներում` Համաշխարհային բանկի աջակցությամբ: «Պետությունն աշխատում է նվազեցնել գործարարության վարչարարական խոչընդոտները, քանի որ Հայաստանը, չունենալով հանքահումքային ռեսուրսներ եւ ցամաքային ու ծովային տարանցիկ փոխադրումների հնարավորություն, պետք է բիզնեսի վարման ավելի մրցակցային պայմաններ առաջարկի ներդրողներին»,- նշեց Տ.Դավթյանը: Ըստ նրա, Հայաստանը գործարարության վարչարարական խոչընդոտների առկայության ցուցանիշներով միջին դիրքերում է աշխարհի այլ երկրների համեմատ: Ըստ Տ.Դավթյանի, Հայաստանում ներդրումներ կատարելու պայմանները դեռեւս հեռու են իդեալականից, սակայն տարեցտարի բարելավվում են: Այդ մասին է վկայում այն հանգամանքը, որ միջազգային հեղինակություն ունեցող «Ֆիտչ» եւ «Մուդիս» կազմակերպություններն այս տարի առաջին անգամ, այն էլ բավականին բարձր, վարկանիշ են շնորհել Հայաստանին: Նրա տեղեկացմամբ, Հայաստանին «Ֆիտչի» տված սկզբնական «BB-» վարկանիշը արդեն փոխարինվել է ավելի բարձր` «BB» վարկանիշով: Նշվեց նաեւ, որ վերոհիշյալ վարկանիշերը հաշվի են առնում նաեւ գործարար միջավայրի գնահատականը: Փոխնախարարի խոսքերով, ըստ մի շարք հեղինակավոր կազմակերպությունների, Հայաստանում առկա գործարար միջավայրը լավագույններից մեկն է արեւելաեվրոպական եւ ԱՊՀ երկրների շարքում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն