ՏԵՎԱԿԱՆ ԵՐԱՇՏՆ ԱՐԴԵՆ 112 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ Է ՀԱՍՑՐԵԼ<br /> ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԳՅՈՒՂՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ<br />


ՏԵՎԱԿԱՆ ԵՐԱՇՏՆ ԱՐԴԵՆ 112 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ Է ՀԱՍՑՐԵԼ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԳՅՈՒՂՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

  • 23-06-2006 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԳԱՎԱՌ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տեւական` շուրջ 40 օրվա, երաշտը արդեն մոտ 47 մլրդ դրամի (մոտ 112 մլն ԱՄՆ դոլար) վնաս է հասցրել Գեղարքունիքի մարզի գյուղտնեսություններին: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց Գեղարքունիքի մարզպետարանի Գյուղատնտեսության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը: Գարնանացան հացաբույսերը այժմ հնձվում են որպես անասնակեր, քանի որ դրանք այլեւս չեն հասկակալի: Մասնագետների գնահատմամբ, վտանգի տակ են նաեւ աշնանացան ցորենի եւ կարտոֆիլի ցանքերը: Եվ պատահական չէ, որ սովորականից 1 ամիս շուտ` հունիսի 10-ից, սկսվել է մշակովի խոտաբույսերի, մասնավորապես առվույտի (կորնգան), հունձը: Ցածր բերք է ստացվում նաեւ ցանովի եւ բնական խոտհարքերից: Ըստ Վ.Հովհաննիսյանի, եթե վերջին 7 տարիների ընթացքում մարզում տարեկան կուտակվում էր 350-390 հազ. տոննա խոտ, ապա այս տարի հնարավոր կլինի կուտակել դրա 30 տոկոսը: Բացի այդ, եթե նախորդ տարիներին մարզի տնտեսությունները կուտակում էին մինչեւ 24 հազ. տոննա ծղոտ, ապա այս տարի այդ ցուցանիշը կկազմի ընդամենը 1000 տոննա: Նշենք, որ չորային եէանակը նպաստում է նաեւ խոշոր եղջերավոր անասունների մոտ դաբաղի բռնկմանը: Այն կանխելու նպատակով վերջերս մարզ այցելած ՀՀ գյուղնախարար Դավիթ Լոքյանը հրահանգ է տվել արագացնել անասունների պատվաստումները:
Նոյյան տապան  -   Տնտեսություն