ԼՂՀ-Ն ՈՒՆԻ ԿԱՅՈՒՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ, ՈՐԸ ԳՈՐԾՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ԿՐԹԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՏԻՐՈՒՅԹՆԵՐՈՒՄ<br />


ԼՂՀ-Ն ՈՒՆԻ ԿԱՅՈՒՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ, ՈՐԸ ԳՈՐԾՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԿՐԹԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՏԻՐՈՒՅԹՆԵՐՈՒՄ

  • 26-04-2006 19:40:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ներկայումս գործում են 240 հանրակրթական դպրոցներ, 5 միջին մասնագիտական ուսումնարաններ, Արցախի Պետական համալսարանը, 7 ոչ պետական բուհեր եւ մասնաճյուղեր: Դպրոցներում, միջին եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների թիվն է համապատասխանաբար 22 հազար, 2 հազար եւ 7 հազար: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԼՂՀ կրթության, գիտության եւ մշակույթի նախարար Կամո Աթայանը: Նախարար Աթայանի խոսքերով, ԼՂՀ-ն ունի կայուն կրթական համակարգ, որը գործում է Հայաստանի կրթական դաշտի տիրույթներում: «Չունենք ինքնուրույն դասագրքերի տպագրություն, չունենք նաեւ առանձին մշակված կրթական ծրագրեր եւ համագործակցում ենք ՀՀ կրթության եւ գիտության նախարության հետ»,- նշեց նա: Ըստ Կ. Աթայանի, ԼՂՀ կրթական համակարգն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնցից առաջնայինը դպրոցների նյութատեխնիկական բազայի ստեղծումն է, ինչն իրենք պետք է անեն Հայաստանի օգնությամբ: Նախարարը նշեց նաեւ, որ կարեւոր առաջընթաց է արձանագրվել դպրոցաշինության ոլորտում. «Այս առումով վիճակը բավականին լավ է, վերանորոգվել են Արցախի գրեթե բոլոր դպրոցները»: Նախարարը տեղեկացրեց, որ Արցախի կրթության նախարարությունը ներկայումս Հայաստանի հետ համատեղ ծրագրեր է իրականացնում կրթության որակի բարձրացման ուղղությամբ: «Արցախի գրեթե բոլոր ուսուցիչները այժմ համատարած համակարգչային վերապատրաստում են անցնում, քանզի ենթադրվում է, որ ավելի ուշ համակարգչային ուսուցումը կներդրվի բոլոր առարկաների դասավանդման պրոցեսում»,- նշեց Կ. Աթայանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն