ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԻՑ ՀԵՏՈ ՊԵՏՔ Է ԱՊԱՀՈՎՎԻ ՆՐԱՆՑ<br /> ՌԵԻՆՏԵԳՐՈՒՄԸ<br />


ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԻՑ ՀԵՏՈ ՊԵՏՔ Է ԱՊԱՀՈՎՎԻ ՆՐԱՆՑ
ՌԵԻՆՏԵԳՐՈՒՄԸ

  • 04-04-2006 19:05:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 1990թ.-ից 2005թ.-ը Հայաստանից արտագաղթել է 800 հազարից մինչեւ 1 մլն մարդ, ինչը կազմում է բնակչության ընդհանուր թվաքանակի 25-30%-ը: Ինչպես ապրիլի 4-ին հայտնեց ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության տնօրեն Գագիկ Եգանյանը, Հայաստանից երկու տեսակի` ժամանակավոր եւ մշտական միգրացիա է տեղի ունենում: Ժամանակավոր աշխատանքային միգրացիան հիմնականում ուղղված է դեպի ԱՊՀ երկրներ, հատկապես Ռուսաստան (կազմում է ընդհանուր միգրացիայի 75%-ը), իսկ մշտական կամ երկարաժամկետ միգրացիան` եվրոպական երկրներ (15%-ը) եւ ԱՄՆ (10%-ը): Ըստ Գ.Եգանյանի, հետազոտությունները ցույց են տալիս, որ միգրանտների մեծամասնությունը` 60%-ը, 20-44 տարեկան աշխատունակ քաղաքացիներ են, որոնք կազմում են հասարակության տնտեսապես ամենաակտիվ հատվածը: Նրա խոսքերով, 1989-2001թթ.-ի ընթացքում երկրից հեռացել են բարձրագույն կրթություն ունեցող 200-300 հազար անձինք: Գ.Եգանյանը նշեց, որ միգրանտների 40%-ը տեղյակ չէ, որ օտար երկրներ մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենալ տվյալ երկրի մուտքի արտոնագիր, իսկ 58,3%-ը` աշխատանքային գործունեություն ծավալելու թույլատվություն: Մեկնման երկրում հայտնաբերվելուց հետո նրանց սպասվում է դեպորտացիա (արտաքսում): Արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովելու նպատակով գործակալությունում ստեղծվել է հեռախոսային «թեժ գիծ», իսկ 2002թ.-ին` մշակվել անլեգալ միգրացիայի դեմ պայքարի ծրագիր: Միգրացիոն գործակալության տնօրենի խոսքերով, միգրանտների վերադարձից հետո պետք է ապահովել նրանց ռեինտեգրումը, որպեսզի նրանք կարողանան նորից հաստատվել հայրենիքում, հակառակ դեպքում դարձյալ արտագաղթի կդիմեն:
Նոյյան տապան  -   Հասարակություն