ՆԱ, ՈՎ ԲԱՇԽՈՒՄ Է ՄԻՋՈՑՆԵՐԸ, ՉԻ ԿԱՐՈՂ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԱՅԴ<br /> ՄԻՋՈՑՆԵՐՆ ՍՏԱՑՈՂԸ ԼԻՆԵԼ,- ՀԱՄԱՐՈՒՄ Է ՄԱԶԾ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ<br />


ՆԱ, ՈՎ ԲԱՇԽՈՒՄ Է ՄԻՋՈՑՆԵՐԸ, ՉԻ ԿԱՐՈՂ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԱՅԴ
ՄԻՋՈՑՆԵՐՆ ՍՏԱՑՈՂԸ ԼԻՆԵԼ,- ՀԱՄԱՐՈՒՄ Է ՄԱԶԾ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

  • 15-02-2006 14:46:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գիտության բարենորոգման ուղիները շարունակում են հուզել Հայաստանի գիտական հասարակայնությանը: Ներկայումս քննարկվում է առաջարկությունների երեք փաթեթ: Առաջին փաթեթը մշակվել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիային առընթեր հանձնաժողովի, մյուսը` Հայաստանի գիտնականների հասարակական խորհրդի կողմից: Եվս մի փաթեթ ՀՀ կառավարությանն է ներկայացրել ՄԱԿ Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը: Հենց այս փաթեթն էլ բացասական արձագանքներ առաջացրեց վերջերս կայացած գիտական հասարակայնության ֆորումում: «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակի սոցիալ-տնտեսական ծրագրերի ղեկավար Նարինե Սահակյանը պարզաբանեց վիճելի որոշ հարցեր: «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» - Ինչպե՞ս պատահեց, որ այնպիսի մի կարեւոր փաստաթղթի պատրաստմանը, ինչպիսին գիտության բարեփոխման առաջարկներն են, մասնակցել են տնտեսագետներ եւ լրագրողներ, բայց ոչ գիտության կառավարմամբ զբաղվող մասնագետներ: ՆԱՐԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ - Մեր կազմակերպության կանոններին համապատասխան, մասնագետների ընտրությունը կատարվում է բաց հայտամրցույթի հիման վրա: «Հայաստանի Հանրապետություն» եւ «Առավոտ» թերթերում երկու շաբաթ տպագրվել է փորձագետների մրցույթի վերաբերյալ հայտարարությունը: ՀՀ ԳԱԱ աշխատակիցներից մենք հայտեր չենք ստացել: Իսկ այն փորձագետները, որոնց ընտրել ենք, ոչ թե պարզապես տնտեսագետներ են, այլ մարդիկ, որոնք զբաղվում են գիտության բարենորոգմամբ: Ավելացնեմ, որ մեր փորձագետները զրուցել են գիտնականների հետ, որպեսզի նրանց կարծիքն արտացոլեն առաջարկների փաթեթում: Հարցվել են 253 ռեսպոնդենտներ, որոնց թվում 11 ակադեմիկոսներ եւ թղթակից անդամներ, 44 գիտությունների դոկտորներ եւ 106 թեկնածուներ: «ՆՏ» - Ինչո՞վ կարող եք բացատրել այն փաստը, որ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության Գիտության վարչության պետ Արամ Կոսյանը գիտական հասարակայնության ֆորումում հայտարարեց, որ նախարարությունը կապ չունի այդ փաստաթղթի հետ: Ն.Ս.- Ես չգիտեմ, ինչ պատճառներ նա ուներ նման հայտարարության համար, սակայն կարող եմ ստույգ ասել, որ նախագիծը ձեռնարկվել է այն համաձայնության հիման վրա, որ ստորագրել են կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը եւ Հայաստանում ՄԱԶԾ-ի ղեկավար Կոնսուելո Վիդալը: Եվ նախագծի իրագործման ընթացքում մեր փորձագետները մշտական շփման մեջ են եղել նախարարության աշխատակիցների հետ: Ճշմարտություն է եւ այն, որ նախարարության աշխատակիցները չեն վարձատրվել նախագծի շրջանակներում: «ՆՏ» - Գիտնականների առավել մեծ առարկությունն են հարուցում Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակը փոխելու, գիտությունների թեկնածուի գիտական աստիճանից հրաժարվելու, Բարձրագույն որակավորման հանձնաժողովի լուծարման, ասպիրանտուրաների վերացման եւ այլ առաջարկներ: Ն.Ս.- Գիտական աստիճանների շնորհման հարցում մենք պետք է լուծենք միջազգային նորմերին համապատասխանության խնդիրը: Մեր կարծիքով, դա կօգնի ողջ մեր գիտությանը ներգրավվելու միջազգային գիտական տարածության մեջ: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ ԳԱԱ-ի կարգավիճակի փոփոխությանը, ապա առաջարկվել են այլընտրանքային տարբերակներ: Իսկ վերջնական տարբերակում առաջարկվում է պահպանել ՀՀ ԳԱԱ-ի կարգավիճակը որպես ՀՀ կառավարությանն առընթեր բարձրագույն խորհրդատվական մարմին, որը փորձագիտական գնահատական է տալիս գիտական առաջարկներին: Մեր փորձագետները պնդում են, որպեսզի Գիտությունների ազգային ակադեմիայից վերցվեն ֆինանսական միջոցների բաշխման եւ կառավարման գործառույթները եւ հանձնվեն պրոֆեսիոնալ պատրաստված վարչական մարմնի, որը չի մտնում Ակադեմիայի համակարգի մեջ: «ՆՏ» - Դա չի՞ նշանակում արդյոք, որ գոյություն ունեցող կոռուպցիայի պայմաններում բյուրոկրատական ապարատը էլ ավելի ուժեղ ճնշում կսկսի գործել գիտության վրա, իսկ անձամբ գիտնականները լրիվ կզրկվեն ֆինանսների բաշխման վրա ազդելու հնարավորությունից: Այսինքն փաստորեն հրաժարվում ենք գիտության չինովնիկների վրա ազդեցության հակադարձ կապից, որ դրված է, օրինակ, գիտական ստորաբաժանումների ղեկավարների ընտրական համակարգում, ինչպես նաեւ գիտական դրամաշնորհների ստացման հարցում, շրջանցելով միջանկյալ ատյանները: Ն.Ս. - Մենք ցանկանում ենք անել ամեն ինչ, որպեսզի գիտության բարեփոխումը իրականացվի հնարավորինս անցնցում: Հենց այդ նպատակով բարեփոխումների համար ենթադրվում է տեւական ժամանակամիջոց` մոտ 15 տարի: Բարեփոխումները պետք է իրականացվեն շատ զգույշ` հաշվի առնելով առկա բոլոր խնդիրները, այդ թվում եւ կոռուպցիայի առկայությունը: Սակայն կա մի սկզբունք, որի մասին չպետք է մոռանանք` հաստատությունը կամ մարդը, որը բաշխում է ռեսուրսները, չի կարող միաժամանակ լինել նաեւ այդ ռեսուրսներն ստացող: Հակառակ դեպքում, դա պարարտ հող կստեղծի կոռուպցիայի համար: «ՆՏ» - Արդյոք նախատեսու՞մ եք անցկացնել ձեր առաջարկների հասարակական լայն քննարկում: Ն.Ս. - Մենք արդեն մեր փաթեթը հանձնել ենք ՀՀ կառավարություն, սակայն չենք հրաժարվի քննարկում անցկացնել պրոֆեսիոնալ շրջանակներում:
Նոյյան տապան  -   Հասարակություն