ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՔՐԻԿ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԴԱՐՁԱՆ ԱԹԵՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՄՐՑԱՇԱՐԻ ՈՍԿԵ ԵՎ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐ
05-09-2005 18:40:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Օլիմպիական
հերթափոխի շախմատի մարզադպրոցի 4 սաներ (մարզիչ Արարատ Սանթրյան)
հանդես եկան Աթենքում անցկացված «Նիկիա-2005» փառատոնում:
Ավանդական` թվով 13-րդ, մրցումներին մասնակցում էին 11 երկրների
337 շախմատիստներ, ինչը, կազմակերպիչների հավաստմամբ, ռեկորդային
էր: Բոլոր մասնակիցները խաղում էին մեկ մրցաշարում, իսկ տեղերի
հաշվարկը կատարվեց 4` մինչեւ 12, 16, 20 տարեկանների եւ
մեծահասակների, խմբերի համար:
Երեւանցի երեխաները հիանալի հանդես եկան: Տիգրան Ս.
Պետրոսյանն ու Ռուբեն Գաթրչյանը շվեյցարական խաղակարգով անցկացված
մրցաշարի 9 տուրերում վաստակեցին 6-ական միավոր եւ 12 տարեկանների
խմբում գրավեցին համապատասխանաբար 1-ին եւ 2-րդ տեղերը: Տիգրանը
պարգեւատրվեց ոսկե, Ռուբենը` արծաթե մեդալով: Բացի այդ, Տիգրանին
հանձնվեց տարիքային խմբում հաղթողի գավաթը: Հաջող խաղացին նաեւ
Տարոն Դավթյանը (5 միավոր) եւ Գեւորգ Աբովյանը (4), որոնք նույնպես
12 տարեկանների խմբում բարձր տեղեր գրավեցին: Մրցաշարում իր
սաներից ետ չմնաց մարզիչ Արարատ Սանթրյանը. նա բավականին բարձր
արդյունք ցույց տվեց` 6,5 միավոր: Արժե նշել, որ Աթենքի մրցաշարում
մեծ թվով փորձառու շախմատիստներ էին հանդես գալիս. մասնակիցների
թվում էին 5 գրոսմայստերներ, 12 միջազգային վարպետներ, մի քանի
ՖԻԴԵ-ի վարպետներ:
Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց Արարատ Սանթրյանը,
«Նիկիա-2005»-ի կազմակերպիչները Հայաստանի պատվիրակության
անդամներին մասնակից դարձրին մրցումների ավարտից հետո կազմակերպված
ընդունելությանը եւ հրավիրեցին մասնակցելու հաջորդ տարի
անցկացվելիք փառատոնին: