ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆուտբոլի եվրոգավաթների
խաղարկություններում Հայաստանից մասնակցությունը շարունակող միակ
թիմը` Երեւանի «Բանանցը», նույնպես դուրս մնաց հետագա պայքարից:
ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում 2 շաբաթ առաջ կայացած առաջին
խաղում երեւանցիները սեփական խաղադաշտում 2-4 հաշվով պարտություն
էին կրել ուկրաինական «Դնեպր» թիմից: Քիչ հավանական էր, որ 2-րդ
հանդիպումը խոշոր հաշվով շահելով «Բանանց»-ը կշարունակեր պայքարը:
Եվ իրոք, Դնեպրոպետրովսկում կայացած պատասխան հանդիպումը երեւանյան
թիմը տանուլ տվեց 0-4 հաշվով: «Բանանցի»-ի անհաջողությունները
սկսվեցին արդեն 9-րդ րոպեին, երբ կոպիտ խաղի համար խաղադաշտից
հեռացվեց Արտակ Օսեյանը, իսկ թիմը պատժվեց նաեւ 11-մետրանոց
տուգանային հարվածով: «Դնեպրի» ֆուտբոլիստները իրացրին
տուգանայինը, այնուհետեւ եւս 3 անգամ գրավեցին երեւանցիների
դարպասը: