ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ 15 ՄԵԴԱԼ ԵՆ ՆՎԱՃԵԼ ԱՊՀ ԶՈՒ ՀԻՆԳԵՐՈՐԴ
ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ՍՊԱՐՏԱԿԻԱԴԱՅՈՒՄ
02-05-2005 18:42:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սանկտ-Պետերբուրգ քաղաքի
Լենինգրադյան զինվորական կայազորի բանակի մարզական ակումբի
բազայում ապրիլի 21-29-ը անցկացվել է ԱՊՀ Զինված ուժերի 5-րդ
համաբանակային սպարտակիադան` նվիրված Հայրենական պատերազմի
հաղթանակի 60-ամյակին: Սպարտակիադային մասնակցում էին Ռուսաստանից,
Ուկրաինայից, Ղազախստանից, Հայաստանից ու Տաջիկստանից ժամանած 168
զինծառայողներ: ՀՀ ԶՈՒ-ի 24 զինծառայողների խումբը համալրվել է
Սանկտ-Պետերբուրգում սովորող հայ զինծառայողներով, ինչի
արդյունքում հայկական թիմը հանդես է եկել 39 մարզիկներով:
Սպարտակիադան անցկացվել է 6 մարզաձեւից` կշռաքարերի
բարձրացում, ծանրամարտ, ազատ ըմբշամարտ, ռազմական քառամարտ,
արմռեսլինգ (բազկամարտ), կրակային հրաձգություն:
Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի
մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, հայ զինծառայողները
սպարտակիադայում հաջող են մրցել ու նվաճել են բազմաթիվ մեդալներ:
Մասնավորապես, ծանրամարտ մարզաձեւում 85 կգ քաշային կարգում
չեմպիոնի կոչումը նվաճել է Գեւորգ Ալեքսանյանը` 347,5 կգ
արդյունքով: Երրորդ տեղերը զբաղեցրել են Արտյոմ Մկրտչյանը (62 կգ
քաշային կարգում, 257,5 կգ արդյունքով) եւ Գեւորգ Դավթյանը (69 կգ
քաշային կարգում, 280 կգ արդյունքով): Թիմային հաշվարկով հայակական
թիմը ծանրամարտում գրավել է երրորդ տեղը:
Մնացած մարզաձեւերում (ազատ ըմբշամարտ, արմռեսլինգ, ռազմական
քառամարտ եւ կրակային հրաձգություն) հայ մասնակիցները նվաճել են 6
արծաթե եւ 6 բրոնզե մեդալներ: