ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԵՆ 636 ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ`<br /> 5319 ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐՈՎ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԵՆ 636 ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
5319 ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐՈՎ

  • 28-11-2008 19:56:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունների լիցենզավորման գործընթացի սկզբից` 2008թ.-ի ապրիլի 1-ից, ընդհանուր առմամբ լիցենզավորվել են տաքսի ծառայություն մատուցող 636 ընկերություններ` 5319 մեքենաներով: Միայն վերջին 10-20 օրվա ընթացքում տաքսի ծառայությունների լիցենզավորման կամ արդեն լիցենզավորված ծառայություններում նոր մեքենաների հաշվառման համար ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության Տրանսպորտային տեսչություն են դիմել 64 ընկերություններ: Լիցենզավորմանը զուգահեռ իրականացվող սովորական մեքենաների «սպիտակ» համարանիշերը տաքսիների «դեղինի» փոխարինելու գործընթացի արդյունքում տրվել են 550 «դեղին» համարանիշեր: Նշված ցուցանիշների մոտ 70%-ը վերաբերում է Երեւանին: Այս մասին նոյեմբերի 28-ին ասուլիսում հայտնեց Տրանսպորտային տեսչության պետի տեղակալ Հայկ Մարտիրոսյանը: Ըստ նրա, մինչ նոյեմբերի սկիզբը նախարարության Տրանսպորտային տեսչության եւ ՀՀ Ճանապարհային տեսչության ամբողջ Հայաստանում ապրիլի 1-ից մինչ նոյեմբերի սկիզբը իրականացրած համատեղ ստուգայցերի արդյունքում կազմվել է մոտ 510 արձանագրություն, իսկ նոյեմբերին` 560 արձանագրություն: Հ.Մարտիրոսյանը նշեց, որ ստուգայցերը շարուկական բնույթ են կրելու` հիշեցնելով, որ անհատ տաքսիստների գործունեության նկատմամբ վերահսկողությունը իրականացվելու է «Լիզենզավորման մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքների դեկտեմբերի 6-ին ուժի մեջ մտնող փոփոխությունների եւ լրացումների համաձայն: Ըստ տեսչության պետի տեղակալի, անհատ տաքսիստները նախկինում եւս պետք է լիցենզավորեին իրենց գործունեությունը, սակայն դա չէին անում տարբեր պատճառաբանություններով, եւ վերը նշված ստուգայցերի ժամանակ նրանցից 400-450-ին տեսչությունը ներկայացրել է գրավոր զգուշացումներ, որոնք պարունակել են լիցենզավորման կարգի պահանջները: Նրա գնահատմամբ, մինչ այժմ լիցենզավորվել է անհատ տաքսիստների 10-15%-ը: Հ.Մարտիրոսյանի խոսքերով, թեեւ տաքսիների լիցենզավորման հայտերի քննարկման օրենքով սահմանված ժամկետը 1 ամիս է, ամեն շաբաթ անցկացվում են նախարարության Լիցենզավորման հանձնաժովի երկու-երեք նիստեր: Նշվեց, որ անհատ ձեռներեց տաքսիստների լիցենզավորման պետտուրքը տարեկան 25 հազար դրամ է (մոտ 82 ԱՄՆ դոլար): Լիցենզավորման են ենթակա մինչեւ 10 տարի շահագործվող մեքենաները: Չլիցենզավորված տաքսի ծառայության մատուցումը առաջին անգամ ենթակա է տուգանքի 20 հազ. դրամի, երկրորդ անգամ նշված խախտումը կատարելու դեպքում` 40 հազ. դրամի չափով: Տուգանքների չվճարման դեպքում տեսչությունը դիմում է դատարան` տուգանքը բռնագանձելու հայցով: Տաքսի ծառայություն մատուցող մեկ մեքենայի համար «դեղին» համարանիշ ստանալու համար վճարվում է 13,5 հազ. դրամ: Նախատեսվում է օրենսդրորեն սահմանել լիցենզավորումից հետո այդ համարանիշերի ստացման 5-օրյա վերջնաժամկետ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play