ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿՈՍՈՎՈՅԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ<br /> ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ<br />


ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿՈՍՈՎՈՅԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ

  • 20-12-2007 15:55:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի կարողացել միասնական կարծիքի հանգել Կոսովոյի կարգավիճակի հարցի առնչությամբ եւ անզոր է գտնվել մերձեցնել Բելգրադի եւ Պրիշտինայի դիրքորոշումները: Խորհրդի երեք ժամ տեւած փակ նիստում քննարկվել է միջազգային միջնորդների «եռյակի» զեկույցը սերբական այդ երկրամասի կարգավիճակի հարցի վերաբերյալ: Փաստաթուղթը փաստում է, որ Բելգրադի եւ Պրիշտինայի բանակցությունները ԵՄ, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջնորդությամբ ավարտվել են առանց արդյունքի: Խորհրդում կայացած բանավեճը, որին մասնակցել են նաեւ Սերբիայի վարչապետ Վոիսլավ Կոշտունիցան եւ կոսովյան ալբանցիների ներկայացուցիչ Ֆատմիր Սեյդիուն, ցույց է տվել, որ երկրամասի կարգավիճակի հարցում նրանց դիրքորոշումները տրամագծորեն հակադիր են եւ կողմերը մտադիր չեն միմյանց զիջումների գնալ: Դրա հետ կապված եվրոպական պետությունների խումբը եւ ԱՄՆ-ը հայտարարել են, որ բանակցությունների ուղիով Կոսովոյի կարգավիճակի հարցի լուծման հնարավորությունը սպառված է: ՄԱԿ ԱԽ-ի նիստի ավարտից հետո Միավորված ազգերին առընթեր Բելգիայի մշտական ներկայացուցիչ Յոհան Վերբեկեն, ելույթ ունենալով Եվրամիության երկրների եւ ԱՄՆ-ի անունից, փաստել է, որ Խորհուրդը չի կարող համաձայնություն ձեռք բերել Կոսովոյի ապագա կարգավիճակի վերաբերյալ, ուստի ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն պատրաստ են ստանձնել երկրամասի ճակատագրի պատասխանատվությունը: Նրա ընթերցած հայտարարության մեջ ընդգծվում է, որ Կոսովոյի կարգավիճակի հարցի լուծումը համարվելու է եզակի եւ չպետք է նախադեպ դառնա այլ իրավիճակներում: Սակայն ՄԱԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հակառակ կարծիքն է հայտնել` նշելով, որ Կոսովոյի անկախության միակողմանի ճանաչումը նշված բանաձեւի եւ միջազգային իրավունքի ուղղակի խախտում է:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play