ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՀԱՅՏՆԻ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ
ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ, ՈՐԻ ՀԱՍՈՒՅԹԸ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ՀԹԳՄ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ
29-11-2007 18:55:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի թատերական
գործիչների միության նախաձեռնությամբ դեկտեմբերի 3-ին Գաբրիել
Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում հայաստանյան
թատրոնների անվանի դերասանների մասնակցությամբ կկայանա
համերգ-հեռուստամարաթոն («Հ2» հեռուստաընկերությամբ), որից ստացված
հասույթը կփոխանցվի ՀԹԳՄ հիմնադրամին: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի
թղթակցին հայտնեց ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը:
Նրա խոսքերով, հիմնադրամի առաջնային եւ հիմնական նպատակն է
աջակցել թատրոնի մարդկանց ստեղծագործական գործունեությանը:
Հիմնադրամի գումարներով կվերանորգվեն ՀԹԳՄ շենքի վերջին հարկը եւ
դահլիճը: Հ.Ղազանչյանը նշեց, որ յուրաքանչյուր ռեժիսոր կամ դերասան
ցանկացած պահի կարող է օգտագործել բեմը` փորձերի կամ նոր
ներկայացումներ բեմադրելու համար: Բացի այդ, հիմնադրամը գումարներ
կտրամադրի երիտասարդ ռեժիսորներին` ներկայացումներ բեմադրելու
համար:
«Ներկայացում բեմադրելը լինելու է բացառապես ազատ, ցենզուրա
չի լինելու: Պարզապես տարբեր թատրոնների ներկայացուցիչներից
կստեղծվի հանձնաժողով, որն էլ կուսումնասիրի ներկայացված ծրագրերն
ու կտրամադրի որոշակի գումար»,- ընդգծեց ՀԹԳՄ նախագահը:
Հետագայում, ըստ նրա, տարբեր ներդրողների կողմից, ինչպես նաեւ
ակցիաների արդյունքում գումարներ կփոխանցվեն հիմնադրամի հաշվին:
Նշենք, որ դեկտեմբերի 3-ին կայանալիք համերգ-հեռուստամարթոնի
տոմսերի արժեքը տատանվում է 2000-10000 դրամի սահմաններում:
Հ.Ղազանչյանը նշեց, որ վաճառվել են նաեւ 50 հատ 30000 դրամանոց
տոմսեր: