Վալերի Գերգիևը մեծագույն հաճույքով է հիշում Հայաստանում անցկացրած տարիներն ու միշտ ուրախ է այցելել Հայաստան
20-09-2011 11:46:32 | Հայաստան | Մշակույթ
Նախագահ Սերժ Սարգսյանն սեպտեմբերի 19-ին ընդունել է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիեւին:
Ըստ ՀՀ նախագահի Մամլո գրասենյակի հաղորդագրության, նախագահը նշել է, որ Հայաստանում սիրում եւ սպասում են Վալերի Գերգիեւին՝ համարելով նրան հայ ժողովրդի բարեկամը: «Հինգ տարի Դուք ղեկավարել եք Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը: Դա նշանակում է, որ Ձեր կյանքի հինգ տարիները նվիրել եք մեր երաժշտությանը, մշակույթին: Շատ ուրախ ենք, որ Դուք Հայաստանում եք ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի տոնական օրերին»,-ասել է Նախագահը:
Աշխարհահռչակ դիրիժորն ընդգծել է, որ Հայաստանն իր կյանքում խաղացել եւ այժմ էլ խաղում է մեծ ու շատ կարեւոր դեր եւ անչափ ուրախ է, որ կարող է հրաշալի տոնի մի մասնիկը լինել, շփվել հայ հանդիսատեսի հետ: Վալերի Գերգիեւը նշել է, որ մեծագույն հաճույքով է հիշում Հայաստանում անցկացրած տարիներն ու միշտ ուրախ է այցելել Հայաստան: