Հանս-Յոխեն Շմիդթ. «Առանձնակի ուրախություն եմ ապրում Գերմանիայի միասնության տոնակատարությունները մեր հայ ընկերների հետ նշելու համար»
30-09-2011 17:50:13 | Հայաստան | Քաղաքական
Գերմանիայի միասնության օրվա կապակցությամբ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության
արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը հանդես է եկել ուղերձով, որում ասված է.
«Գերմանիայի միասնության օրն այս տարի նշանավորվում է Գերմանիայի նորագույն պատմության մեջ միմյանց շաղկապված երկու պատմական իրադարձություններով. մենք հիշատակում ենք ցնծությամբ նվաճած մեր
վերամիավորումը, ինչպես նաեւ հիշում ենք տխրահռչակ Պատի կառուցումը 50 տարի առաջ` 1961թ. օգոստոսի 13-ին:
Ազգային տոնը լավ առիթ է հետադարձ հայացք ձգելու սեփական երկրում տեղի ունեցած քաղաքական զարգացումներին: Պատի փլուզումը ես գնահատում եմ որպես հեռատեսության եւ քաղաքական փոփոխությունների հասնելու տեւական ջանքերի ապացույց: Այսպիսի փոփոխությունների հասնելու համար պետք է պատրաստ լինել փոխզիջումների, նաեւ`միջազգային գործընկերների եւ հարեւան երկրների առումով:
20 տարվա վերամիավորումից հաշված` Գերմանիան համեմատաբար երիտասարդ պետություն է, որին հաջողվել է ինչպես ներքին, այնպես էլ եվրոպական հարթության մեջ վերջին երկու տասնամյակներին ինտեգրացիոն մեծ
աշխատանք կատարել, ինչով մենք կարող ենք հպարտանալ: Հայաստանի անկախության նույնպես նորերս տոնախմբած 20-ամյակի ֆոնին, հաշվի առնելով այս ժամանակային կապը, առանձնակի ուրախություն եմ
ապրում` այս տարի Գերմանիայի միասնության տոնակատարությունները մեր հայ ընկերների հետ նշելու համար:
Երկու ազգերի ճակատագրի նմանությունը Խորհրդային Միության փլուզման արդյունքում եւ Պատի անկումը ցույց են տալիս այն մեծ արժեքը, որ ունի ազատությունը ժողովրդի համար: 20 տարի առաջ գերմանացիները 28-ամյա
բաժանումից հետո վերամիավորված գտան իրենց, իսկ հայերը կարողացան իրենց ազատ երկիրը հիմնել:
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն այն ժամանակ առաջին պետություններից էր, որ ճանաչեց Հայաստանը` անկախության հռչակումից հետո, եւ մենք հաստատեցինք քաղաքական, տնտեսական եւ մշակութային
հարաբերություններ, որոնք հետագա տարիներին խորացան բոլոր ոլորտներում: Կցանկանայի մեր գործընկեր երկիր Հայաստանին առանձնահատուկ շնորհակալությունս հայտնել Աֆղանստանում գերմանական խաղաղապահ
առաքելությանը մասնակցելու համար: Գերմանիան մեծապես արժեւորում է մասնակցությունն ու աջակցությունը հակամարտությունների թուլացմանն ուղղված ջանքերին:
Մեծ ուրախություն եմ ապրում մեր երկու երկրների միջեւ ընթացող սերտ եւ հաջող համագործակցության համար: Մենք երկկողմ հարաբերություններում Հայաստանի երկրորդ խոշոր դոնոր երկիրն ենք: Սա ուրախալի է, բայց նաեւ պարտավորեցնող` մեր ջանքերն առավել կենտրոնացնելու տնտեսական համագործակցության զարգացմանը` ի շահ Հայաստանում գերմանական հետագա ներդրումների: Մեր խորհրդատվական գործունեությամբ (Միջազգային համագործակցության ընկերություն GIZ), ինչպես նաեւ ֆինանսական համագործակցությամբ (Վերականգնման վարկերի բանկ KfW) մենք հետամուտ ենք հող ստեղծել Հայաստանում գերմանական ձեռնարկությունների հնարավոր ներդրումների համար:
Հայաստանին մաղթում եմ հնարամիտ համառություն` Հարավային Կովկասի անվտանգության, ինչպես նաեւ տարածաշրջանային տնտեսական զարգացման վրա բացասաբար ազդող` Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման մեջ, նաեւ`հայ-թուրքական հարաբերությունների դեռ չկայացած կարգավորման առումով, ինչը սահմանափակում է քաղաքականապես ցանկալի` մարդկանց ազատ տեղաշարժը, ինչպես նաեւ` առեւտրային երթեւեկությունը»: