Եռաչափ գրաֆիկայով և մուլտիմեդիա բեմադրությունները հայաստանյան բեմում


Եռաչափ գրաֆիկայով և մուլտիմեդիա բեմադրությունները հայաստանյան բեմում

  • 01-10-2011 11:56:45   | Հայաստան  |  Մշակույթ

Բրիտանացի պարուսույց Բիլլի Քաուիի` նոր, եռաչափ գրաֆիկայով համակցված «Tango de Soledad» 10 րոպեանոց պարային բեմադրությունը Բրիտանական խորհրդի աջակցությամբ առաջին անգամ հայաստանյան բեմում է: «Tango de Soledad»-ը (Միայնության տանգոն) հինգ րոպեանոց մենապար է, որը բեմադրել է Բիլլի Քաուին եւ ներկայացնում է Էմի Հոլինգսոուրթը: HighFest միջազգային թատերական փառատոնի շրջանակում պարային բեմադրությունը կներկայացվի հոկտեմբերի 2-ից-8-ը Երեւանի պետական տիկնիկային թատրոնի բեմում: «Tango de Soledad» պարային բեմադրությունը եռաչափ պատկերների շարքի շնորհիվ հնարավորություն է ընձեռում դերասանի պրոյեկտված կերպարները էկրանից տեղափոխել հանդիսատեսի տարածք` այսպիսով հանդիսատեսին հնարավորություն ընձեռելով զգալ իրեն դերասանի հետ միեւնույն հարթությունում: «Արտառոց, լիրիկական, պատկերավոր, գրավիչ... Բիլլի Քաուիի ռոմանտիկ ֆանտազիաները խորը տպավորություն են թողնում ինձ վրա»,- նշել է հանրահայտ բալետմայստեր Միխաիլ Բարիշնիկովը: Իսկ հոկտեմբերի 7-ին եւ 8-ին Պետական համազգային թատրոնի բեմում HighFest փառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը ներկայացնում է բրիտանական Proto-type թատրոնի «Third Person: Bonnie & Clyde» (Երրորդ անձ` Բոնի եւ Քլայդ) մոլտիմեդիա բեմադրությունը: Այն պատմում է 20-րդ դարի սկզբին իրենց քրեական կյանքով եւ սիրո մեծ պատմությամբ հանրահայտ դարձած Բոնի Փարքերի եւ Քլայդ Բարոուի կյանքի մասին: Սիրո եւ մահվան սահմանները ջնջած այս պատմությունը հարուստ է սյուժետային գծերով եւ ժամանակակից մուլտիմեդիա հնարավորություններով եւ հնարքներով: Այս տարի Բրիտանական խորհուրդը թատերական բեմադրություններից բացի հանդես է գալիս նաեւ Արվեստի թվայնացմանն առնչվող առցանց քննարկումներով: Ոլորտի փորձագետներն առցանց քննարկումների միջոցով դիտարկում են Միացյալ Թագավորությունում կատարողական արվեստի զարգացման համար թվային միջոցների ընձեռած հնարավորությունները: Հայ մասնագետները եւս կարող են միանալ քննարկումներին եւ հետեւել թեմայի զարգացումներին: (www.britishcouncil.am) Ինչպես հայտնում է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի հանրային հետ կապերի պատասխանատու Արեւիկ Բադալյանը, HighFest միջազգային թատերական փառատոնի հատուկ հյուրն է Բրիտանական խորհրդի Արեւելյան Եվրոպայի արվեստի ծրագրերի ղեկավար Գրեգորի Նեշը: Նա հայ ուսանողների համար «Արվեստի մենեջմենթ» թեմայով հանդես կգա դասախոսություններով, կծանթոնա հայ թատերական արվեստի նորարարություններին եւ հայ մասնագետների հետ կքննարկի համագործակցության ուղիներ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play