Աշխարհի գիտնականները հայկական հանդեսում


Աշխարհի գիտնականները հայկական հանդեսում

  • 03-10-2011 12:27:13   | Հայաստան  |  Նոր գրքեր
Լույս է տեսել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Մանկավարժության եվ հոգեբանության հիմնախնդիրներ» միջբուհական կոնսորցիումի գիտական հանդեսի 2011 թվականի երկրորդ ժողովածուն: Այն միջազգային գիտական հանդես է, որի խմբագրական խորհրդի նախագահն է ՀՊՄՀ-ի խորհրդի նախագահ, տնտեսագիտության թեկնածու, Տնտեսագիտական համալսարանի պատվավոր դոկտոր, հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը: Գիտական հանդեսը միտված է նպաստելու ՀՀ-ում բարձրագույն մանկավարժական կրթական համակարգի բարելավմանը եւ առաջընթացին: Պարբերականում զետեղված են գիտատեսական եւ գիտամեթոդական բնույթի հոդվածներ, որոնք օժանդակում են մանկավարժության եւ հոգեբանության բնագավառների առջեւ ծառացած խնդիրների լուծմանը, կրթության կառավարման հիմնախնդիրների լուսաբանմանը, համաշխարհային փորձի ուսումնասիրմանը եւ միջազգային կրթական գործընթացների առաջադրած դրույթների համակարգված եւ միասնական ներդրմանը: Հանդեսում տեղ են գտել հայ եւ արտասահմանցի մասնագետների հրապարակումներ, մասնավորապես` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Խառատյանի, ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանի, Աբերդինի համասարանի սոցիալական եւ ներառական կրթության ամբիոնի պրոֆեսոր Մարտին Ռուզի, Բելգորոդի պետական ազգային հետազոտությունների համալսարանի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Իրինա Իգնատովայի, Բելգորոդի պետական ազգային հետազոտությունների համալսարանի պրոֆեսոր Լիլիա Պետրովայի, Վրաստանի ԳԱԱ թղթակից անդամ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Դ.Ն.Ուզնադձեի հոգեբանության ինստիտուտի տնօրեն Իրակլի Իմեդաձեի, Սանկտ-Պետերբուրգի Ա.Ի.Գերցենի անվան ռուսական պետական մանկավարժական համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների դոկտոր Վալերի Եֆրեմովի, Քենթերբերի «Քրիստոսի եկեղեցի» համալսարանական քոլեջի պրոֆեսոր Թերենսե Քլիֆորդ-Ամոսի, ԱՄՆ-ի/Մասաչուսեթս, Բոստոն/ Հյուսիսարեւելյան համալսարանի սոցիոլոգիայի եւ մարդաբանության պրոֆեսոր Թոմաս Քենիգի եւ այլ հեղինակների գիտական հոդվածներ: Գիտական հանդեսը նախատեսված է մանկավարժների, հոգեբանների, բարձրագույն կրթության համակարգում աշխատողների եւ առհասարակ մանկավարժա-հոգեբանական գիտությունների զարգացմամբ շահագրգիռ յուրաքանչյուրի համար:
Նոյյան տապան  -   Նոր գրքեր

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play