Վախճանվել է ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Հովհաննես (Իվան) Իսակովը
-- :: | Ռուսաստան |
1967թ. հոկտեմբերի 11 - Վախճանվել է ԽՍՀՄ նավատորմի ծովակալ, Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, ՀԽՍՀ պատվավոր անդամ Հովհաննես (Իվան) Իսակովը:
1913թ. ավարտել է Թիֆլիսի ռեալական ուսումնարանը, 1917-ին` Պետրոգրադի (այժմ Սանկտ-Պետերբուրգ)
ծովային դասընթացները։ 1918թ. ծառայել է Բալթիական նավատորմում, մասնակցել 1918թ. Բալթիկ ծովում գերմանական նավատորմի դեմ մղված ծովային մարտերին, 1922-1927թթ. ծառայել է Սևծովյան նավատորմում, ղեկավարել նավատորմի շտաբի օպերատիվ բաժինը։ 1928թ. ավարտել է Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) ռազմածովային ակադեմիայի բարձրագույն հրամկազմի դասընթացները։
1939թ. կոորդինացրել է Բալթիական նավատորմի և Կարմիր բանակի գործողություններն ընդդեմ Ֆինլանդիայի։ 1940թ. ստացել է ծովակալի կոչում։ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ (1941թ.) նշանակվել է Հյուսիսարևմտյան ռազմաճակատի գլխավոր հրամանատարի տեղակալ ու ռազմական խորհրդի անդամ, 1942թ.` Հյուսիսկովկասյան։ 1942թ. հոկտեմբերին Տուափսեում վիրավորվել է, վիրահատվել, սակայն մնացել է մարտական դիրքերում` վարելով ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը։
Իսակովը մեծագույն ներդրում ունի Բալթիական և Սևծովյան ռազմական նավատորմության կազմակերպման գործում։ 1933թ. մասնակցել է 1-ին համաշխարհային պատերազմի պատմության փաստաթղթերի ժողովածուների կազմմանն ու խմբագրմանը, մասնակցել ռազմածովային ուժերի մարտական կանոնագրքերի մշակմանը։ 1947թ. նշանակվել է «Ծովային ատլասի» խմբագրական խմբի նախագահ։ Ատլասի 1-ին հատորի համար Իսակովին շնորհվել է պետական 1-ին կարգի մրցանակ (1951թ.)։
Գրել է ծովային կյանքին վերաբերող ավելի քան 250 պատմվածք, ուսումնասիրություններ ծովայինների մասին։ Պարգևատրվել է Լենինի 6, Կարմիր դրոշի 3, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, Ուշակովի 1-ին աստիճանի, 2 Կարմիր աստղի, հարավսլավական, լեհական և այլ շքանշաններով։
Մահացել է 1967թ. հոկտեմբերի 11-ին, Մոսկվայում, թաղված է Նովոդևիչի գերեզմանատանը։