1937թ. հուլիսի 9- ին վախճանվել է դերասան, հայտնի թատերական գործիչ Հովհաննես Զարիֆյանը


09-07-1937   | USA  |  

1937թ. հուլիսի 9-ին Բոստոնում վախճանվել է դերասան, հայտնի թատերական գործիչ Հովհաննես Զարիֆյանը:

 

 
Ծնվելէ 1879թ. Ալեքսանդրապոլում, սովորել Սուրբ Փրկիչ եկեղեցու ծխական դպրոցում և Էջմիածին Գևորգյան ճեմարանում: Կրթության պակասը լրացրել է ինքնակրթությամբ ու աշխատասիրությամբ: 1897-ին նա ոտք է դնում Թիֆլիսի թատրոնի բեմ և 40 տարի անմնացորդ նվիրվում թատրոնին: Ադամյանից, Աբելյանից և Փափազյանից հետո Զարիֆյանը 4-րդ շեքսպիրյան հայ դերասանն է, որը հավասարապես հանդես է եկել թե՛ ողբերգություններում, թե՛ կատակերգություններում: 
 
1919-1920թթ. Զարիֆյանը թատերախումբ է կազմել Երևանում, ներկայացումներ տվել: 1920-ի օգոստոս-սեպտեմբերին գործել է կանոնավոր խումբ, որի մեջ մտել են Հ. Աբելյանը, Օ. Մայսուրյանը, Հ. և Մ. Բերոյանները, Մ. և Ս. Գարագաշները և ուրիշներ: Սակայն երկրի քաղաքական և տնտեսական վիճակի վատթարացման պատճառով խումբը քայքայվել է: Երբ 1920թ. թուրքերը նորից են Ալեքսանդրապոլ մտել, Զարիֆյանները Թիֆլիս-Բաթում ճանապարհով անցել են Կ.Պոլիս, մի շարք ներկայացումներ տվել և 1921-ին փոխադրվել Ամերիկա:
 
1936-ին Բուենոս Այրես կատարած հյուրախաղերից վերադառնալուց հետո, նա բեմականացրել է «Մուսա լեռը»: Այսպիսով, հայ իրականության մեջ «Մուսա լեռան» առաջին բեմադրությունը տեղի է ունեցել 1937թ. հունվարի 20-ին Բոստոնի դրամատիկ խմբի կողմից: 1937-ի փետրվարից մինչև մայիսը Զարիֆյանը լարված աշխատանք է կատարել պիեսի բեմադրությունը գլուխ բերելու վրա: Այդ լարվածությունը ազդել է առողջության վրա: 
Աստիճանաբար սաստկացել է սրտի հիվանդությունը ու հուլիսի 8-ի լույս 9-ի առավոտյան նրա սիրտը կանգ է առել:
Զարիֆյանը թաղվել է Բոստոնում:


News from Armenia and Diaspora - Noyan Tapan