
Նիկողայոս Ադոնցը (Տեր-Ավետիքյան) ծնվել է 1871թ. հունվարի 10-ին Հայաստանի Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում (Սիսիան): Սովորել է Տաթեւի ծխական դպրոցում, Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում, այնուհետեւ` 1892-94թթ. Թիֆլիսի ռուսական գիմնազիայում: 1899թ. Նիկողայոս Ադոնցը ոսկե պարգեւանշանով ավարտել է Պետերբուրգի համալսարանի արեւելյան լեզուների եւ պատմաբանասիրական ֆակուլտետները: Աշակերտել է Նիկողայոս Մառին: 1899-1901թթ. Եվրոպայում (Մյունխեն, Փարիզ, Լոնդոն, Վենետիկ) խորացել է բյուզանդագիտության մեջ: 1903-ին եկել է Կովկաս, Թիֆլիսում ուսումնասիրել վրացերեն, աշխատել է Էջմիածնի Մատենադարանում: Այդ տարիներին Ադոնցը գրել է «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» (1908թ. ռուսերեն) մագիստրոսական դիսերտացիան, որը պաշտպանել է 1909-ին եւ դարձել Պետերբուրգի համալսարանի պրիվատ-դոցենտ: 1916-ին «Դիոնիսիոս Թրակացին եւ հայ մեկնիչները» (1915թ. ռուսերեն) աշխատության համար նույն համալսարանում
արժանացել է բանասիրության դոկտորի աստիճանի եւ ստացել պրոֆեսորի կոչում: 1916-ին եղել է Էջմիածնում, Մուշում, Էրզրումում, մասնակցել Վանի հնագիտական արշավախմբին: 1917թ. ընտրվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի պատվավոր հոգաբարձու եւ պրոֆեսոր: 1920թ. մեկնել է Լոնդոն, ապա` Փարիզ: 1930-ին հրավիրվել է դասախոսելու Բրյուսելի համալսարանում եւ ղեկավարել նոր կազմակերպված հայագիտական ամբիոնը: «Բյուզանդիոն» հանդեսում եւ այլուր լույս են տեսել նրա արտասահմանյան տարիների լավագույն աշխատությունները: Ադոնցը մահացել է 1942թ. հունվարի 27-ին, Բրյուսելում: Նրա ձեռագրերը հանձնվել են Փարիզի Նուպարյան մատենադարարնին, իսկ գրքերը` Բրյուսելի հայ գաղութին: