Սպանվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանը


14-04-1992   |   |  

 

1992 թ. ապրիլի14-ին նահատակվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի  նախագահ Արթուր Մկրտչյանը: 
 
Արթուր Մկրտչյանը ծնվել է Հադրութի շրջանի Ուխտաձոր (Էդիլլու) գյուղում 1959թ.: 1976թ. ավարտել է տեղի դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 1981թ. ավարտել է համալսարանը և աշխատանքի անցել Հայաստանի ազգագրության պետական թանգարանում: 1983-1986 թթ. սովորել է Մոսկվայի Միկլուխո Մակլայի անվան Ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում: 1986թ. վերադարձել է հայրենիք և աշխատանքի անցել Հադրութի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում, որպես տնօրեն: 1990թ. պաշտպանել է թեկնածուական թեզ: Արցախի ազատագրական պայքարի առաջամարտիկներից և կազմակերպիչներից է, զինված ազատագրական պայքարի ջատագով: 1991թ. դեկտեմբերին ընտրվել է Գերագույն Խորհրդի պատգամավոր և Գերագույն Խորհրդի նախագահ 1992թ. հունվարի 8-ին: Սպանվել է 1992թ. ապրիլի 14-ին:
 
Արցախյան շարժման այն ազատամարտիկներից է, որ խորապես տիրապետում էր ազգային արժեքներին, ում համար ի վերուստ պարզ էր, որ մեր ժողովրդի գոյատևման ու առաջընթացի խնդիրն անիրագործելի է առանց նրա հավաքական ուժի ու պայքարի: Կրելով իր մեջ այս բանաձևման գաղափարները, միևնույն ժամանակ օժտված լինելով մարդկային բարձր հատկանիշներով, նա շարժման հորձանուտում հայտնվեց որպես նրա հանրորեն ընդունելի դեմքերից ու կազմակերպիչներից մեկը` հետագայում դառնալով որպես ազգային խորհրդանիշ, էթնիկական առողջ ինքնագիտակցությամբ օժտված էթնոկիր անհատ: Եղել է Հադրութի ինքնապաշտպանության առաջին հրամանատարներից, որը մեր ընդհանուր պայքարի ընդվզման կիզակետերից էր:   


News from Armenia and Diaspora - Noyan Tapan