Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կբացվի «Հենրիկ Նիկոյան. Տեսիլքներ» ցուցահանդեսը
13-03-2011 10:00:00 | |
Մարտի 13-ին` ժամը 10-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում կբացվի «Հենրիկ Նիկոյան. Տեսիլքներ» ցուցահանդեսը:
Այդ օրը ցուցասրահի մուտքը լինելու է անվճար:
Ցուցահանդեսում ներկայացված ստեղծագործությունները, շիկացած ապակու գունային ներդաշնակ ծավալների մեջ մարմնավորելով դիզայների տեսիլային պատկերների աշխարհը, անգնահատելի ներդրում են Հայաստանի դեկորատիվ-կիրառական արվեստի բնագավառում:
Ինդուստրիալ դիզայներ, ապակեգործ եւ նկարիչ Հենրիկ Նիկոյանը ծնվել է 1936թ. մայիսի 17-ին Գյումրիում: Արվեստի առաջին դասերը նա ստացել է ծննդավայրում` Գյումրիի գեղարվեստի դպրոցում, հմուտ մանկավարժ-արվեստագետներ Հ. Անանիկյանի եւ Շ. Սարգսյանի մոտ: 1956թ. ընդունվում է Լենինգրադի Մուխինայի անվան բարձրագույն գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանի գեղարվեստական ապակեգործության եւ խեցեգործության բաժին: Ավարտելով ուսումը, Հենրիկ Նիկոյանը վերադառնում է Հայաստան եւ իր մասնագիտական գործունեությունը ծավալում ինդուստրիալ դիզայնի բնագավառում՝ որպես դիզայներ եւ մանկավարժ: Արվեստագետի բազմաժանր ստեղծագործական ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում գեղարվեստական ապակեգործության աշխատանքները, որոնք նորովի են բացահայտում Նիկոյան արվեստագետի հարուստ ներաշխարհը: