Տեղի կունենա «Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսի եզրափակիչ ցուցադրությունն ու հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
24-05-2025 16:00:00 | Armenia |
Մայիսի 24-ին, ժամը 16:00-ին,Հայաստանի Նկարիչների միությունում (ք. Երևան, Աբովյան 16) ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի կունենա «Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսի եզրափակիչ ցուցադրությունն ու հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։
Այս միջոցառումը միավորում է Հայաստանի և արտերկրի ավելի քան 1500 շնորհալի երեխաների՝ 2 տարիքային խմբերում (մինչև 10 և 10-15 տարեկան), ովքեր իրենց արվեստով փոխանցում են խաղաղության, համերաշխության և մարդասիրության կարևորագույն արժեքները:
Եզրափակիչ ցուցահանդեսին մասնակցում են 80 լավագույն ստեղծագործություններ՝ միջազգային արհեստավարժ ժյուրիի կողմից ընտրված։ Յուրաքանչյուր աշխատանք արտահայտում է խաղաղության երազանքներ ու պատկերացումներ՝ երեխաների անկեղծ տեսանկյունից։
Միջոցառման ընթացքում կհանձնվեն մրցանակներ, դիպլոմներ, խրախուսական պատվոգրեր ուսուցիչներին և կրթական հաստատություններին, ինչպես նաև հատուկ մրցանակներ։
Նախաձեռնությունը շարունակական բնույթ է կրում։ Շուտով գործարկվելու է artforpeacekids.com կայքը,որը կդառնա միջազգային հարթակ, որտեղ կներկայացվեն երեխաների ստեղծագործությունները՝ խաղաղության, համերաշխության և հույսի ուղերձներով։
Այստեղ արվեստը կդառնա կապող կամուրջ՝ աշխարհի տարբեր անկյուններում ապրող ստեղծագործողների միջև։