This Year the 8th Annual Educational Award of the President of the Republic of Armenia in IT Sphere will be Granted


Կանցկացվի ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխությունը

  • 14-05-2012 15:00:00   | Armenia  |  

 

Մայիսի 14-ի, ժամը՝ 15:00-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Երևան, Տերյան 105, ՀՊՃՀ, 17-րդ մասնաշենք, Անդրանիկ Մարգարյանի անվ. դահլիճ) տեղի կունենա ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխության հանձնաժողովի ամենամյա ավանդական հանդիպումը մրցանակաբաշխության հավակնորդների հետ: Այս տարի ՀՊՃՀ-ում կազմակերպված հանդիպմանը ներկա կլինեն մրցանակաբաշխությանը մասնակցող բուհերի՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ), Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի համապատասխան ֆակուլտետների ուսանողները, ինչպես նաև ՀՊՃՀ-ի Երեւանի ավագ դպրոցի, ԵՊՀ-ին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցի, «Քվանտ» վարժարանի, Երևանի «Անանիա Շիրակացի» ճեմարանի, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի, Վանաձորի «Էվրիկա» վարժարանի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսանողներն ու աշակերտները:
 
Մրցանակաբաշխության հիմնական նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում լավագույններին ճանաչելն ու խրախուսելն է:
Նախագահական ամենամյա մրցանակաբաշխությունը ֆինանսավորվում է Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի կողմից:
 
Պարգևները շնորհվում են բարձր առաջադիմություն ունեցող այն ուսանողներին, ովքեր ակտիվորեն մասնակցում են ՏՏ ոլորտի և բնական գիտություններից տարբեր օլիմպիադաների և մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ունեն բազմակողմանի գիտելիքներ և այլ տաղանդներ, ինչպես նաեւ ներգրավված են սոցիալական ծրագրերում:
2012թ. նախատեսված են հետևյալ անվանակարգերը՝
գ Գլխավոր մրցանակ
գ Լավագույն ասպիրանտ (I և II կարգեր)
գ Լավագույն մագիստրանտ (I և II կարգեր)
գ Լավագույն բակալավր (I և II կարգեր)
գ Լավագույն սփյուռքահայ մասնակից
գ Լավագույն ուսանողուհի
գ Լավագույն աշակերտ
Մրցանակաբաշխությունը կանց կացվի ս/թ հուլիսին, իսկ հաղթողները կպարգևատրվեն ս/թ հոկտեմբերին 1-ին: Յուրաքանչյուր հաղթող կստանա դիպլոմ, դրամական պարգև մինչև1200 դոլարին համարժեք դրամ եւ ՏՏ ոլորտը խորհրդանշող հուշախորհրդանիշ: 
Անցած յոթ տարիների ընթացքում 201 ուսանող և աշակերտ արժանացել են այս պարգևին:
 
ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի մասին
2005թ. ապրիլի 28-ին ՀՀ նախագահի հավանությամբ Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն և «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստորագրեցին տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի լավագույն ուսանողներին և աշակերտներին ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների շնորհման վերաբերյալ համաձայնագիր:
ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) (ֆակուլտետներ՝ Կիբեռնետիկա, Քոմոփյութերային համակարգեր և ինֆորմատիկա, Կիրառական մաթեմատիկա, Ռադիոտեխնիկա և կապի համակարգեր), Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) (ֆակուլտետներ՝ Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա, Ռադիոֆիզիկա, Ֆիզիկա), Հայաստանի ամերիկյան համալսարանի (ֆակուլտետ՝ Քոմփյութերային գիտություններ և ինֆորմատիկա), Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի (ֆակուլտետներ՝ Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա, Ֆիզիկատեխնիկական, Բժշկա-կենսաբանական), Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի (մասնագիտացումներ՝ Կիրառական ծրագրավորում, Տեղեկատվական տեխնոլոգիաների գործարար կառավարում, Մուլտիմեդիա համակարգերի ծրագրավորում և դիզայն, Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ եւ համակարգեր), ՀՊՃՀ-ի Երեւանի ավագ դպրոցի, ԵՊՀ-ին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցի, «Քվանտ» վարժարանի, Երևանի «Անանիա Շիրակացի» ճեմարանի, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի, Վանաձորի «Էվրիկա» վարժարանի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսանողներն ու աշակերտները:
Մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվել է 2005թ., և պարգևներ են շնորհվել ՏՏ ոլորտի 18 լավագույն ուսանողների և աշակերտների:
2006թ. նախագահական կրթական պարգևների են արժանացել 19 ուսանող և աշակերտ:
2007թ. ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների շնորհման հանձնաժողովը իր ընտրությունը կատարել է 148 թեկնածուներից: Պարգևներ ստացել են 27 ուսանող և աշակերտ:
2008թ. ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների շնորհման հանձնաժողովը իր ընտրությունը կատարել է 134 թեկնածուներից, որոնցից 29 ուսանող և աշակերտ արժանացել են պարգևների:
2009թ. ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների շնորհման հանձնաժողովը իր ընտրությունը կատարել է 110 թեկնածուներից, որոնցից 30 ուսանող և աշակերտ արժանացել են պարգևների:
2010 ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների շնորհման հանձնաժողովը իր ընտրությունը կատարել է 180 թեկնածուներից, որոնցից 37 ուսանող և աշակերտ արժանացել են պարգևների:
2011 ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների շնորհման հանձնաժողովը իր ընտրությունը կատարել է 195 թեկնածուներից, որոնցից 38 ուսանող և աշակերտ արժանացել են պարգևների:
2008թ.-ին հիմնադրվել է ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի Հաղթողների ակումբը:
 
Սինոփսիս Արմենիա ՓԲԸ եւ Սինոփսիս ընկերության մասին
Սինոփսիսը կիսահաղորդիչների էլեկտրոնային ավտոմատացված նախագծման ոլորտի համաշխարհային առաջատարն է: Ընկերությունն էլեկտրոնիկայի գլոբալ շուկային տրամադրում է  տեխնոլոգիական համակարգերի, կիսահաղորդիչների նախագծման և ստուգման հենքեր, ինտեգրալ սխեմաների արտադրության և արտադրողականության բարձրացման նորագույն լուծումներ, կիսահաղորդչային մտավոր սեփականություն և նախագծման ծառայություններ: Այն սկսել է իր գործունեությունը Հայաստանում 2004 թ.-ին, ՀՀ Կառավարության կողմից տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) երկրի զարգացման գերակա ուղղություն հռչակելուց անմիջապես հետո: Ժամանակի ընթացքում Սինոփսիս Արմենիա փակ բաժնետիրական ընկերությունը (ՓԲԸ) դարձել է ընկերության խոշորագույն ստորաբաժանումներից մեկը, որը գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքներ է իրականացնում էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA), արտադրության համար նախագծման և մտավոր սեփականության (IP) մշակման ոլորտներում: Ներկայումս ընկերությունում աշխատում են մի քանի հարյուր որակյալ ճարտարագետներ, և ընկերությունը ՏՏ ոլորտում խոշորագույն գործատուներից մեկն է: Հայաստանը ՏՏ ոլորտի բարձր որակավորված մասնագետներով ապահովելու նպատակով ընկերությունը ներդրումներ է կատարում ՏՏ բնագավառի կրթության ոլորտում և առաջատար ու հաջողված համագործակցության ծրագրեր է իրականացնում հանրապետության մի շարք առաջատար բուհերի, այդ թվում`  Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ), Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ), Հայ-ռուսական պետական (սլավոնական) համալսարանի, ինչպես նաև Մոսկվայի Էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտի (ՄԷՏԻ) հետ:  Բացի այդ, ընկերությունը հետևողականորեն խթանում է հասարակայնության հետաքրքրությունը ոլորտի նկատմամբ` հովանավորելով ՏՏ ոլորտում լավագույն ուսանողներին շնորհվող ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևը, անցկացնելով երիտասարդ մասնագետների և ուսանողների մրցույթներ, կազմակերպելով ԶԼՄ-ների հրապարակումներ, բարեգործական և կամավոր աշխատանքներ: Սինոփսիս-Արմենիա ՓԲԸ գտնվում է Երևանում: Սինոփսիսի գլխամասային գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի Մաունթին Վյու քաղաքում: Ընկերությունն ունի ավելի քան 70 գրասենյակ Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ճապոնիայում, Ասիայում եւ Հնդկաստանում. www.synopsys.com; www.synopsys.am:
 
  -