Հայկական պատուիրակութիւնը մասնակցել է Արեւելյան
գործընկերութեանը նուիրուած «Վիշեգրադի խումբ+» նախարարական
հանդիպմանը
02-03-2010 20:46:00 | | Քաղաքական
ԲՈՒԴԱՊԵՇՏ, 2 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 2-ին Բուդապեշտում
տեղի է ունեցել «Վիշեգրադի խումբ+» նախարարական հանդիպումը`
նուիրուած Արեւելյան գործընկերութեանը: Հանդիպմանը մասնակցել է
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինէ Ղազինյանի
գլխաւորած պատուիրակութիւնը, որի կազմում էին ԵՄ-ում ՀՀ
ներկայացուցչութեան ղեկավար, դեսպան Աւետ Ադոնցը եւ Հունգարիայում
ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմեանը:
Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Բալաշի նախագահութեամբ անցած
նիստին ներկայ էին Վիշեգրադի խմբի` Չեխիայի, Սլովակիայի, Լեհաստանի,
Արեւելյան գործընկերութեան մէջ ներառուած պետութիւնների, բալթեան
երկրների, Իսպանիայի, Շվեդիայի, Բելգիայի բարձրաստիճան
ներկայացուցիչները, ինչպէս նաեւ ԵՀ ընդլայնման եւ եւրոպական
հարեւանութեան քաղաքականութեան հարցերով յանձնակատար Շտեֆան
Ֆյուլեն:
Հանդիպման ընթացքում քննարկուել է Արեւելյան գործընկերութեան
իրականացման ներկայ փուլը, ուրուագծուել բազմակողմ համագործակցութեան
այն ոլորտները, որտեղ առաւել արդիւնաւէտ կլինի գործակցութեան այս
ձեւաչափը:
Իր ելոյթում Կ.Ղազինեանը յայտարարել է, որ Հայաստանը ձգտում
է առաւել ամրապնդել համագործակցութիւն ԵՄ-ի եւ նրա անդամ երկրների
հետ: Նա ընդգծել է Հայաստանի պատրաստականութիւնը ԵՄ-ի հետ նոր
համաձայնագրի կնքման հարցում եւ հոյս յայտնել, որ Արեւելյան
Եւրոպայի երկրների փորձն օգտակատար կլինի այս համատեքստում:
Փոխնախարարը յատուկ ուշադրութիւն է հրաւիրել մուտքի
արտօնագրերի տրամադրման դիւրացման հարցի վրայ, քանի որ դա էապէս
կխթանի հասարակութիւնների եւ մարդկանց միջեւ շփումները: Նա
կարեւորել է նաեւ Արեւելյան գործընկերութեան շրջանակներում
տարածաշրջանային համագործակցութիւնը` ընդգծելով, որ որոշ երկրների
հրաժարումը ծրագրով նախատեսուած փոխգործակցությունից կարող է վտանգի
տակ դնել Գործընկերութեան յաջողութիյունը:
Ի պատասխան ադրբեջանական կողմի դիտարկմանը, որ ԵՄ-ը յստակօրէն
չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը, Կ.Ղազինեանը
նշել է, որ ԼՂ ժողովուրդն ինքնորոշուել է միջազգային եւ խորհրդային
գործող իրաւունքի շրջանակներում, եւ յաւելել, որ ԵՄ Արեւելյան
գործընկերութիւնը կոչուած չէ լուծել հակամարտութիւնները, որոնց
համար այլ ձեւաչափեր կան: Ըստ նրա, տարածաշրջանում վստահութեան
մթնոլորտի ամրապնդումը կարող է նպաստել քաղաքական խնդիրների
լուծմանը, իսկ դրա համար նախ եւ առաջ Ադրբեջանը պէտք է դադարի
ռազամատենչ յայտարարութիւնների եւ հայատյացության տարածումից:
Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան
վարչութիւնից, համաժողովի շրջանակներում Կ.Ղազինեանը երկկողմ
հանդիպում է ունեցել ԵՀ ընդլայնման եւ եւրոպական հարեւանութեան
քաղաքականութեան հարցերով յանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:
Հանդիպմանը քննարկուել են Հայաստան-ԵՄ համագործակցութեան երկկողմ
օրակարգային հարցեր եւ տարածաշրջանային խնդիրներ: