Հայկական պատվիրակությունը մասնակցել է Արեւելյան<br /> գործընկերությանը նվիրված «Վիշեգրադի խումբ+» նախարարական<br /> հանդիպմանը<br />


Հայկական պատվիրակությունը մասնակցել է Արեւելյան
գործընկերությանը նվիրված «Վիշեգրադի խումբ+» նախարարական
հանդիպմանը

  • 02-03-2010 20:46:00   | Հունգարիա  |  Քաղաքական
ԲՈՒԴԱՊԵՇՏ, 2 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 2-ին Բուդապեշտում տեղի է ունեցել «Վիշեգրադի խումբ+» նախարարական հանդիպումը` նվիրված Արեւելյան գործընկերությանը: Հանդիպմանը մասնակցել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ավետ Ադոնցը եւ Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը: Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Բալաշի նախագահությամբ անցած նիստին ներկա էին Վիշեգրադի խմբի` Չեխիայի, Սլովակիայի, Լեհաստանի, Արեւելյան գործընկերության մեջ ներառված պետությունների, բալթյան երկրների, Իսպանիայի, Շվեդիայի, Բելգիայի բարձրաստիճան ներկայացուցիչները, ինչպես նաեւ ԵՀ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Հանդիպման ընթացքում քննարկվել է Արեւելյան գործընկերության իրականացման ներկա փուլը, ուրվագծվել բազմակողմ համագործակցության այն ոլորտները, որտեղ առավել արդյունավետ կլինի գործակցության այս ձեւաչափը: Իր ելույթում Կ.Ղազինյանը հայտարարել է, որ Հայաստանը ձգտում է առավել ամրապնդել համագործակցություն ԵՄ-ի եւ նրա անդամ երկրների հետ: Նա ընդգծել է Հայաստանի պատրաստականությունը ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի կնքման հարցում եւ հույս հայտնել, որ Արեւելյան Եվրոպայի երկրների փորձն օգտակատար կլինի այս համատեքստում: Փոխնախարարը հատուկ ուշադրություն է հրավիրել մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման հարցի վրա, քանի որ դա էապես կխթանի հասարակությունների եւ մարդկանց միջեւ շփումները: Նա կարեւորել է նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակներում տարածաշրջանային համագործակցությունը` ընդգծելով, որ որոշ երկրների հրաժարումը ծրագրով նախատեսված փոխգործակցությունից կարող է վտանգի տակ դնել Գործընկերության հաջողությունը: Ի պատասխան ադրբեջանական կողմի դիտարկմանը, որ ԵՄ-ը հստակորեն չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Կ.Ղազինյանը նշել է, որ ԼՂ ժողովուրդն ինքնորոշվել է միջազգային եւ խորհրդային գործող իրավունքի շրջանակներում, եւ հավելել, որ ԵՄ Արեւելյան գործընկերությունը կոչված չէ լուծել հակամարտությունները, որոնց համար այլ ձեւաչափեր կան: Ըստ նրա, տարածաշրջանում վստահության մթնոլորտի ամրապնդումը կարող է նպաստել քաղաքական խնդիրների լուծմանը, իսկ դրա համար նախ եւ առաջ Ադրբեջանը պետք է դադարի ռազամատենչ հայտարարությունների եւ հայատյացության տարածումից: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, համաժողովի շրջանակներում Կ.Ղազինյանը երկկողմ հանդիպում է ունեցել ԵՀ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության երկկողմ օրակարգային հարցեր եւ տարածաշրջանային խնդիրներ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play