Ղարաբաղյան շարժման 30 ամյակի պետական հանձնաժողովն ամփոփել է նախապատրաստական աշխատանքները


Ղարաբաղյան շարժման 30 ամյակի պետական հանձնաժողովն ամփոփել է նախապատրաստական աշխատանքները

  • 06-02-2018 18:03:32   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 6-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
 
Նիստի ընթացքում ԱԺ նախագահն ամփոփել է մինչ այս պահը միջոցառումների նախապատրաստման և համակարգման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները և նախանշել առաջիկա անելիքները:
 
Հանձնաժողովի անդամներին է ներկայացվել փետրվարի 10-ից մինչև փետրվարի 20-ը նախանշված միջոցառումների բեմագրերը, որոնց վերաբերյալ մտքեր են փոխանակվել և տրվել  կոնկրետ հանձնարարականներ:
 
Ներկայացնելով այդ օրերի միջոցառումների ծրագիրը՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ դրանց մեկնարկը կտրվի Մարտունի և Հադրութ քաղաքներում, իսկ հետո կշարունակվեն հանրապետության մյուս շրջկենտրոններում: Գլխավոր միջոցառումը տեղի կունենա փետրվարի 13-ին Ստեփանակերտ քաղաքում: Այդ օրը, համաձայն իրադարձությունների ժամանակացույցի, մայրաքաղաքում առաջին հանրահավաքի օրը միջոցառումները կսկսվեն Արցախի պետական համալսարանից: Նախատեսվում է քայլերթ՝ դեպի Վերածննդի հրապարակ, որտեղ կկազմակերպվի հանրահավաք:
 
Հոբելյանական միջոցառումներում ներգրավված են լինելու 88-ի առաջամարտիկները, ովքեր հանդես են գալու ելույթներով և դասախոսություններով: Նախատեսվում է նաև տոնական համերգ:
 
Հաջորդ կարևոր միջոցառումները տեղի են ունենալու փետրվարի 19-ին և 20-ին՝ Արցախի վերածննդի օրը: Հարգանքի տուրք կմատուցվի հանրապետության ողջ տարածքում՝ արցախյան ազատագրական շարժման զոհված և մահացած ակտիվիստների հիշատակին, իսկ փետրվարի 20-ին տեղի կունենան պաշտոնական ընդունելություն և տոնական համերգ:
 
Արցախի Հանրապետության
 
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
 
                                                       
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն