ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 7-15%-Ը ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ
09-10-2007 20:00:00 | Հայաստան | Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 10-ին նշվում
է Հոգեկան առողջության միջազգային օրը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի
թղթակցին հայտնեց Մանկական հոգեբույժների եւ հոգեբանների
ընկերակցության նախագահ Մարուքե Եղյանը, Հայաստանի բնակչության
7-15%-ի մոտ լուրջ խնդիրներ են նկատվում հոգեկան առողջության հետ
կապված: Ընկերության կենտրոնի տեղեկատվական բազայում ներկայումս
հաշվառված են 3-21 տարեկան շուրջ 3000 հիվանդներ: Սակայն, ըստ
Մ.Եղյանի, հաշվարկային տվյալներով այդ թիվը հանրապետությունում մի
քանի տասնյակ անգամ ավելի է: Նա նշեց, որ երեխաների մոտ
արձանագրվում են ինչպես հոգեկան հիվանդության առանձին տեսակներ,
այնպես էլ վախի զգացում, տրամադրության անկում, վարքի զանազան
խանգարումներ:
Ըստ Մ.Եղյանի, հոգեկան առողջության հետ կապված
հիվանդությունները հիմնականում բուժվող են. կան բուժման տարբեր
ձեւեր` հոգեթերապիա, դեղաբուժություն եւ այլն: Սակայն, նրա
դիտարկմամբ, հայ հասարակությունը այդքան էլ լուրջ չի վերաբերվում
հոգեկան առողջության պահպանման խնդրին:
Նշենք, որ Հայաստանում սուր հոգեկան խանգարումները բուժվում
են պետպատվերի շրջանակում` դեղորայքի լրիվ ապահովմամբ: