ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ Է ՀՂԵԼ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՐՎԱ ԱՌԻԹՈՎ
31-08-2007 18:50:00 | Հայաստան | Հասարակություն
ԷՋՄԻԱԾԻՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գարեգին Բ Ամենայն
հայոց կաթողիկոսն իր Հայրապետական օրհնությունն է հղել կրթության
ասպարեզի աշխատողներին, ուսանողներին, աշակերտներին` Գիտելիքի, գրի
եւ դպրության տոնի եւ ուսումնական նոր տարվա վերաբացման առիթով:
Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին են տեղեկացրել Մայր Աթոռ Ս.Էջմիածնի
Տեղեկատվական համակարգից:
«Գիտության եւ կրթության լույսով պիտի կերտենք մեր երկրի եւ ազգի
նոր կյանքը եւ առաջընթացը: Երիտասարդ սերնդի ազգային ոգով
կրթությունը եւ հայրենի սրբազան արժեքներով դաստիարակությունն է
գրավականը մեր ժողովրդի գոյության հարատեւության:
Սիրելի զավակներ, կրթության ճամփան դժվարին է, բայց օրհնյալ եւ
շնորհապարգեւ: Այն երջանիկ ու ստեղծարար կյանքի ուղին պիտի հարթի
ձեզ` դեպի ապագայի լուսավոր հորիզոններ:
Բարի ընթացք ձեզ 2007-2008 ուսումնական տարում»,- ասված է
շնորհավորական ուղերձում: