Էդվարդ Նալբանդյան. Հայաստանի իշխանությունները վճռական են երկրում լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու գործում


Էդվարդ Նալբանդյան. Հայաստանի իշխանությունները վճռական են երկրում լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու գործում

  • 10-11-2011 10:53:05   | Հայաստան  |  Քաղաքական

Հայաստանի քսանամյա անկախության առաջին օրերից եվրոպական ուղղությունը եղել է երկրի արտաքին քաղաքական առաջնայնություններից մեկը, հարաբերությունները ԵՄ կառույցների, ինչպես նաեւ ԵՄ անդամ պետությունների հետ շարունակական զարգացում են ապրում: Այս մասին նոյեմբերի 10-ին «Արեւելյան գործընկերություն. Զարգացումների ներքաղաքական եւ Եվրոպական համատեքստը» խորագրով խորհրդաժողովում իր ելույթում նշել է Հայաստանի Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախարարն ընդգծել է, որ ԵՄ հետ Հայաստանի համագործակցությունը կարեւորվում է ոչ միայն ԵՄ հետ մեր ստանձնած հանձնառությունների, այլ առաջին հերթին, երկրում որակական բարեփոխումները խորացնելու տեսանկյունից` տնտեսության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում բարեփոխումների իրականացման համար: «Հանրապետության Նախագահի նախաձեռնած բարեփոխումների խթանման գործընթացի համատեքստում Հայաստանի իշխանությունները վճռական են երկրում լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու գործում, ինչը բխում է մեր ժողովրդի, մեր երկրի շահերից»,- հավաստիացրել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, պարզաբանելով, որ այդ գործընթացն առաջին հերթին նպատակաուղղված է երկրի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Միեւնույն ժամանակ բարեփոխումները Հայաստանը դիտարկում է նաեւ որպես ԵՄ հետ մեր համագործակցության օրակարգի բաղկացուցիչ մաս եւ եվրոմերձեցման քաղաքականության նախադրյալ: Եվրոմիության հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման եւ Հայաստանում բարեփոխումների առաջխաղացման համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը մեջ է բերել Հանրապետության Նախագահի խոսքերը. «Եվրոպական չափանիշները՝... պետք է ընդօրինակելի դառնան մեզ համար: Այսօր Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում չկա Եվրամիությանը լիարժեքորեն անդամակցելու հարց, բայց, կրկնում եմ, խաղի եվրոպական կանոնները, եվրոպական չափանիշները պետք է առավելագույնս տեղայնացվեն ու ներդրվեն մեր երկրում, որովհետեւ դրանք բարձր եւ ժամանակով ստուգված չափանիշներ են: Այդ չափանիշները մեզ անհրաժեշտ են զգալի առաջընթաց ապահովելու, մեր քաղաքացիների կենսակերպը փոխելու եւ մեր հասարակության կազմակերպական ուժն ավելացնելու տեսանկյունից» : Նախարարը հավելել է, որ Արեւելյան գործընկերության մեկնարկից ավելի քան երկու տարի անց զգալի առաջընթաց է արձանագրվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության ոլորտներում: Արեւելյան գործընկերության շրջանակներում կարեւոր հանգրվան էր սեպտեմբերի 29-30-ին Վարշավայում կայացած երկրորդ գագաթնաժողովը, որին մասնակցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Գագաթնաժողովի արդյունքում ընդունված հռչակագրով նախատեսվում է նոր թափ հաղորդել երկկողմ համագործակցությանը` քաղաքական ասոցացման, աստիճանական տնտեսական ինտեգրման, ընդլայնված ոլորտային շփումների եւ բազմակողմ համագործակցության ամրապնդման միջոցով: Բարեփոխումներին օժանդակելու նպատակով 2009 թ.-ից Հայաստանում գործում է ԵՄ խորհրդատուների խումբը, որը աջակցություն է տրամադրում ՀՀ պետական կառույցներին` օրենսդիր, գործադիր եւ դատական համակարգերում ԵՄ չափանիշներին համապատասխան բարեփոխումներ իրականացնելու գործում: «Մենք ողջունել եւ մեծապես կարեւորում ենք Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման արդյունքում մշակված «ավելի շատ աջակցություն՝ ավելի շատ բարեփոխումների դիմաց» սկզբունքը: Ներկայումս Եվրահանձնաժողովի հետ աշխատանքներ ենք տանում` մեր կառավարության ջանքերը` ԵՄ գործընկերների նպատակաուղղված եւ թիրախային աջակցության հետ ներդաշնակեցնելու ուղղությամբ»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը: Նա ընդգծել է, որ Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել 2010թ. հուլիսից մեկնարկած Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում: Հոկտեմբերի 26-ին Երեւանում անց է կացվել բանակցությունների 7-րդ լիագումար նիստը, որի ընթացքում քննարկումներ են տեղի ունեցել համաձայնագրի Նպատակների եւ ընդհանուր սկզբունքների, Քաղաքական երկխոսության, Արտաքին ու անվտանգության քաղաքականության վերաբերյալ մասերի շուրջ: Ներկա դրությամբ բանակցվել եւ ժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի ոլորտային համագործակցությանն առնչվող 19 գլուխներ: Ասոցացման համաձայնագրի կարեւոր մաս են կազմելու Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու վերաբերյալ դրույթները: «Այս ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող անհրաժեշտ միջոցառումները վստահություն են ներշնչում մոտ ապագայում ազատ առեւտրի գոտի ստեղծելու շուրջ բանակցությունները մեկնարկելու համար: Ազատ առեւտրի գոտուն առնչվող դրույթների արդյունավետ կենսագործումը թույլ կտա ավելի մրցունակ դարձնել հայաստանյան տնտեսությունը` ինչպես օրենսդրական դաշտի, այնպես էլ տնտեսական ոլորտում դերակատարություն ունեցող համապատասխան հաստատությունների կատարելագործման միջոցով»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը: Ըստ նրա, Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգում կարեւոր տեղ են զբաղեցնում ԵՄ հետ մուտքի վիզաների դյուրացմանն ուղղված աշխատանքները: Խրախուսելով մարդկային շփումները ԵՄ անդամ երկրների հետ լավ նախադրյալներ կստեղծվեն խորացված գործընկերային հարաբերությունների հաստատման համար ամենատարբեր ոլորտներում` գործարարություն, ուսանողների, երիտասարդների միջեւ շփումներ, մշակույթ, գիտություն: Այս գործընթացի հիմնական շահառուները լինելու են մեր հասարակությունները, քաղաքացիները: Ըստ նախարարի, հոկտեմբերի 27-ին Լյուքսեմբուրգում ստորագրվել է Հայաստանի եւ ԵՄ միջեւ Շարժունակության շուրջ գործընկերության մասին համատեղ հռչակագիրը, որի նպատակն է նպաստել միգրացիոն հոսքերի կառավարմանը, ԵՄ տարածքում ՀՀ քաղաքացիների օրինական մուտքի ու գործունեության կանոնակարգմանը, խթանել ուսանողական եւ մասնագիտական փոխանակումները: Այս գործընկերության մեկնարկը անուղղակիորեն կնպաստի նաեւ մուտքի վիզաների դյուրացման գործընթացի արագ վերջնականացմանը: Հայաստանի եւ ԵՄ միջեւ հարաբերությունների զարգացման գործում,ըստ նախարարի, քաղաքական երկխոսության կարեւոր օղակներից մեկն է խորհրդարանական համագործակցության կոմիտեն: Նոյեմբերի 2-3-ը Երեւանում տեղի է ունեցել Հայաստան–ԵՄ խորհրդարանական համագործակցության կոմիտեի 12-րդ նիստը: «Եվրոպական արժեքների` ազատության, ժողովրդավարության, օրենքի գերակայության վրա հիմնված պետական համակարգ ունենալու ձգտումը միշտ հաստատուն է եղել մեր հասարակության մեջ: Եվրոպական արժեհամակարգը քաղաքացիների սեփականությունը դարձնելու եւ մեր տարածաշրջանի երկրները միմյանց եւ Եվրոմիությանը մոտեցնելու գործում մեծ է հասարակական կազմակերպությունների դերը»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը, ընդգծելով, որ Արեւելյան գործընկերության շրջանակներում գործող հարթակները կոչված են ընդհանուր եվրոպական արժեքների տարածման միջոցով նպաստելու բաժանարար գծերի վերացմանը, փոխճանաչելիության աստիճանի բարձրացմանը, խաղաղ եւ բարեկեցիկ ապագայի կերտմանը: Նախարարն ընդգծել է նաեւ, որ Հայաստանի իշխանությունները կարեւորում են քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը ինչպես Եվրոպական Միության հետ համագործակցության համատեքստում, այնպես էլ երկրում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործընթացներում: «Իսկապես ողջունելի է հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը եվրոինտեգրման գործընթացներում»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը, հավելելով, որ վերջերս Երեւանում տեղի է ունեցել նաեւ միջազգային Եվրոպական Շարժման «Արեւելյան գործընկերության երկրներում եվրոպական ինտեգրման խորացման գործում քաղաքացիական հասարակության դերի բարձրացումը» խորագրով համաժողովը, ինչը նույնպես վկայում է երկրում եվրոպական գաղափարների տարածման եւ արժեւորման, Հայաստանի եւ ԵՄ միջեւ առկա ընդհանուր հիմնարար արժեքների եւ սերտ համագործակցության մասին:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play