Կարագի փոխարեն սփրեդ վաճառած օրինախախտ ընկերությունները տուգանվեցին ընդհանուր առմամբ 30 մլն դրամով


Կարագի փոխարեն սփրեդ վաճառած օրինախախտ ընկերությունները տուգանվեցին ընդհանուր առմամբ 30 մլն դրամով

  • 21-11-2011 14:48:16   | Հայաստան  |  Տնտեսություն
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կարագի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող տնտեսվարողների փաստաթղթաշրջանառության ուսումնասիրությամբ հայտնաբերել է մի շարք խախտումներ, որոնք էլ կասկած են հարուցել նրանց գործունեության հանդեպ: Հանձնաժողովի նախաձեռնությամբ Երեւան քաղաքի խոշոր խանութներում կատարվել են կարագի հսկիչ գնումներ: Գնված մթերքը հանձնվել է լաբորատոր փորձաքննության: Փորձաքննության արդյունքներով եւս հաստատվել է, որ մի շարք տնտեսվարողներ խաբում եւ մոլորեցնում են սպառողներին` կարագի անվան տակ վաճ առելով գնային եւ որակական առումով էապես տարբեր սննդամթերք` բուսասերուցքային սպրեդ, որը տեսքով գրեթե չի տարբերվում կարագից եւ բնականաբար շատ ավելի էժան է: Հանձնաժողովի դիտարկմամբ, այն տնտեսվարողները, որոնք բուսասերուցքային սփրեդը վաճառել են կարագի անվան տակ անհավասար մրցակցային պայմաններում են հայտնվել բարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ` ստանալով մրցակցային լուրջ առավելություններ: Իրավախտումները կատարվել են 2 ճանապարհով: Մի դեպքում տնտեսվարողները ներկրել են բուսասերուցքային սփրեդ, սակայն այն առեւտրի կետերին իրացրել են կարագի անվան տակ: Այդ ներկրողներն են «Բիո-Ֆուդ», «Բրենդ Լիդեր», «Կարթել-Աննա», «Ֆելիքս-Սարգ» եւ «Արդիս» ՍՊԸ-ները: Հանձնաժողովը բացահայտել է նաեւ դեպքեր, երբ սպառողին խաբել է ոչ թե ներկրողը, այլ հենց սուպերմարկետը, որը, փաստաթղթերով մատակարարից գնել է բուսասերուցքային սփրեդ, սակայն այն վաճառել է որպես կարագ: Այդ ընկերություններն են «Ալեքս Գրիգ», «ՍԱՍ Գրուպ», «Սթար Դիվայդ», «Ֆրեշ», «Նոր Զովք» ՍՊԸ-ները: Տեղեկացնենք, որ վերոնշյալ բոլոր ընկերությունները Հանձնաժողովի որոշմամբ մանրածախ առեւտրի ոլորտում հանդիսանում են գերիշխող: Եվ հենց այդ պատճառով էլ Հանձնաժողովը ուսումնասիրություններն իրականացրել է այդ ընկերություների սուպերմարկետներում եւ չի բացառվում, որ նման խախտումներ թույլ են տալիս նաեւ այլ խանութներ, որոնք Հանձնաժողովի տեսադաշտից դուրս են: Ինչպես տեղեկացնում է ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը, չարաշահող ընկերությունները հիմնականում ընդունեցին իրենց խախտումը` խոստանալով հետագայում բացառել նման դեպքերի կրկնությունը: Ի դեպ, Հանձնաժողովը մոնիտորինգի միջոցով արդեն պարզել է, որ խախտումներն այս ընկերություններում վերացված են: Հաշվի առնելով, որ բոլոր դեպքերում էլ իրավախախտման բնույթը նույնն է, անբարեխիղճ մրցակցության դրսեւորման համար ՏՄՊՊՀ որոշմամբ սահմանվեց 3 մլն դրամ տուգանք` յուրաքանչյուր իրավախախտման նկատմամբ: Տուգանքի ընդհանուր չափը կկազմի 30 մլն դրամ: Համաձայն օրենքի, տնտեսվարողի ցանկացած վարքագիծ, որը կարող է մոլորեցնել հասարակությանը նրա առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն: Միեւնույն ժամանակ Հանձնաժողովը տուգանվողներին զգուշացրեց, որ երկրորդ անգամ նման խախտումներ հայտնաբերելու դեպքում տուգանքի չափն անհամեմատ ավելի մեծ կլինի: Ի դեպ, վերոնշյալ բացահայտումներն աննախադեպ են այն առումով, որ մինչ այս տնտեսվարողների գործունեության նման լայնածավալ փաստաթղթային ուսումնասիրություն եւ զուգահեռաբար լաբորատոր փորձաքննություն չի իրականացվել: ՏՄՊՊՀ-ը ուսումնասիրությունների ողջ փաթեթը կուղարկի նաեւ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play