Կենսաթոշակների բաշխման գործընթացում հնարավոր եղավ շտկել թերությունները և պետբյուջե վերադարձնել շուրջ 21 մլրդ դրամ
09-12-2011 22:22:43 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
«Հայփոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ը շարունակում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի գործունեության արդիականացման ծրագիրը: Շարունակելով վերաբացումների շարքը Հայաստանի մարզերում` «Հայփոստ»-ն ուրվագծում է իր նոր դիմագիծը եւ նորովի է ներկայանում հանրապետության տարբեր համայնքներում:
Դեկտեմբերի 8-ին տեղի ունեցավ Վայոց Ձորի մարզի 3 համայնքների` Եղեգնաձոր քաղաքի փոստային մասնաճյուղի եւ 01 փոստային բաժանմունքի, Մալիշկա գյուղի եւ Վայք քաղաքի 01 փոստային բաժանմունքների վերաբացման պաշտոնական արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը, Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը, «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ի հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարությունը, ինչպես նաեւ տեղի բնակիչներ:
Վայոց Ձորի մարզպետ Բագրատյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց «Հայփոստ»-ին հոգատարության համար՝ առանձնակի շեշտելով բարելավված բաժանմունքների կարեւորությունը տեղի բնակիչների համար:
Ինչպես իր ողջույնի խոսքում նշեց «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, «շենքը վերանորոգում եւ նորացնում է Հայփոստը, սակայն ոգին ներդնում են աշխատակիցներն ու այնտեղ հաճախող բնակիչները»:
Վայքի քաղաքապետն իր հերթին, շնորհակալություն հայտնելով Հայփոստ-ի ղեկավարությանը, առանձնացրեց սպասարկման որակի բարձրացման եւ շենքային պայմանների, ենթակառուցվածքների, ինչպես նաեւ տեխնիկական հագեցվածության համարժեքության կարեւորությունը:
«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ն առանձնակի ուշադրություն է դարձնում մարզերում «Հայփոստ»-ի պատշաճ ներկայությանն ու փոստային եւ հարակից ծառայությունների զարգացմանը:
Այս բաժանմունքներում եւս նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել եւ նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը եւ այլն:
Մինչեւ տարեվերջ նախատեսվում է վերաբացված բաժանմունքների թիվը հասցնել 104-ի` ինչպես Երեւանում, այնպես էլ` հանրապետության մարզերում:
Բացումների պաշտոնական արարողություններից հետո «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, պատասխանելով ներկա լրագրողների հարցերին, անդրադարձավ Վանաձորի փոստային բաժանմունքում տեղի ունեցած յուրացումների դեպքին, որի կապակցությամբ ՀՀ դատախազությունը հարուցել է քրեական գործ: «Վանաձորի դեպքը, ինչպես նմանատիպ մյուս դեպքերը, բացահայտել եւ դրանց մասին իրավապահ մարմիններին է ահազանգել «Հայփոստ»-ը: Ընդհանուր առմամբ, այսօր «Հայփոստ թրասթ մենեջմնեթի» եւ «Հայփոստ» ՓԲԻ-ի ղեկավարության կողմից շատ խիստ վերահսկողությւն է իրականացվում, եւ այդ վերահսկողության շնորհիվ է նաեւ, որ կենսաթոշակների բաշխման գործընթացում հնարավոր եղավ շտկել թերությունները եւ պետբյուջե վերադարձնել շուրջ 21 մլրդ դրամ»:
«Հայփոստ Թրաստ Մենեջմենթ» Բ.Վ.
«Հայփոստ» ՓԲԸ