Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին
25-01-2011 16:35:02 | Հայաստան | Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին` «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Դմիտրի Անատոլիի,
Խորապես ցնցված եւ վրդովված եմ «Դոմոդեդովո» օդանավակայանում մի քանի տասնյակ անմեղ մարդկանց կյանք խլած արյունալի ահաբեկչության մասին տեղեկատվությունից:
Անկեղծ ցավակցությունս եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին, բոլոր ռուսաստանցիներին: Այդ սարսափելի հանցագործության զոհերի հարազատներին եւ մտերիմներին ցանկանում եմ հոգու տոկունություն եւ արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում եւ վերականգնում: Վստահ եմ, որ ձեռնարկված միջոցները թույլ կտան հայտնաբերել եւ պատժել մեղավորներին, հետագայում կանխել նմանատիպ հանցագործությունները»: