Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Ճրագալույցի Սբ. Պատարագ


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Ճրագալույցի Սբ. Պատարագ

  • 06-01-2012 16:07:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնի առիթով հունվարի 5-ի երեկոյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Ճրագալույցի Սբ. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Պատարագի ընթացքում Սրբազան Հայրն իր քարոզում անդրադարձավ Քրիստոսի Ս. Ծննդյան խորհրդին.«Այսօր մենք նշում ենք մի ծնունդ, որը գալիս է պարզաբանելու եւ լույս սփռելու մարդկային բոլոր ծնունդների խորհուրդների վրա: Քրիստոսի ծննդի լույսի ներքո մեզ համար ընկալելի է մարդկային ծննդյան եւ մահվան խորհուրդը: Առանց Քրիստոսի ծննդյան սրբազան խորհրդի մենք չենք կարող հասկանալ որտեղից եկանք, ինչու ծնվեցինք եւ ինչու ենք մահանում մեր երկրավոր կյանքն ավարտելուց հետո: Ահա Քրիստոս իր հրաշափառ ծննդյամբ գալիս է իմաստ ու բովանդակություն հաղորդելու մարդկային կյանքին: Հաճախ կյանքը մեզ համար անիմաստ ու աննպատակ է թվում` զրկանքներով, տառապանքներով ու դժվարություններով լեցուն. կյանքը, կարծես, ներկայանում է մեզ տառապանքի մի հովիտ, մի վայր, ուր մենք ամենքս եկել ենք զրկանքներ, կորուստներ ու անհարմարություններ կրելու: Սակայն Քրիստոսի ծնունդը գալիս է հաստատելու եւ վճռականորեն արձանագրելու, որ կյանքն ունի իր բովանդակությունն ու իմաստը»: Պատարագի ավարտին կատարվեց նախատոնակ, որից հետո Ամենայն Հայոց Հայրապետը Տիրոջ Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության ավետիսը, ապա եւ Միածնաէջ Տաճարի Ս. Սեղանի լույսը փոխանցեց Մայր Աթոռի միաբանությանը եւ ներկա հազարավոր հայորդիներին: Մինչեւ ուշ գիշեր բարեպաշտ ժողովուրդն այցելում էր տոնական լույսերով ողողված համայն հայության հոգեւոր կենտրոնը եւ Մայր Տաճարի կանթեղներից իրենց օջախները տանում մեր Տիրոջ Ս. Ծննդյան ավետաբեր եւ կենդանարար լույսը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play