Շտեֆան Հարաբինի. «Օրինավոր մարդը հարգում է այլոց ապրելու իրավունքը»


Շտեֆան Հարաբինի. «Օրինավոր մարդը հարգում է այլոց ապրելու իրավունքը»

  • 27-02-2012 12:37:20   | Սլովակիա  |  Հարցազրույցներ
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանը, աշխատելով ֆրանսահայ համայնքի հետ համատեղ, կազմակերպել է Սլովակիայի Արդարադատության նախկին նախարար եւ փոխվարչապետ, ներկայումս Գերագույն Դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինի հետ հարցազրույց` Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված «Ցեղասպանությունների մերժումը քրեականացնող օրենքի» եւ Սլովակիայում երկու տարի առաջ հաստատված համանման օրենքի շուրջ: Նպատակն օգնելն է Ֆրանսիայի Սահմանադրական Դատարանին Սենատի կողմից հաստատված օրենքի բացարձակ օրինականությունն ընկալելու հարցում: Այս հարցազրույցն ուղղարկվել է հայտնի ֆրանսիական օրաթերթերին, այդ թվում` «Le Monde», «Le Figaro», «Liberation», «Nouvelles d’Armenie» պարբերականներին: Շաբաթ օրվա համարի առաջնորդող հոդվածով այն հրապարակվել է արդեն «Nouvelles d’Armenie» հայտնի թերթում, որի էլեկտրոնային տարբերակը ֆրանսերենով կգտնեք <<armenews.com>> կայքէջին: Ներկայացնում ենք հարցազրույցի հայերեն տարբերակն ամբողջովին: ԵՀՄՖ. 2009թ-ին Սլովակիայի Ազգայն Խորհուրդը /ԱԽ/ ընդունեց օրենք, ըստ որի կատարվեց լրացում Սլովակիայի Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածում, մասնավորապես սահմանվեց քրեական պատասխանատվություն հոլոքաուստի, ցեղասպանության, զինվորական հանցագործությունների, ֆաշիզմի ու կոմունիզմի հետեւանքով հանցագործությունների շուրջ: Ի՞նչ տեղ է գրավում այս հանցագործությունների մեջ Հայոց ցեղասպանությունը: Շտեֆան Հարաբին. Ես գիտեմ, որ այդ քայլը մեծ էյֆորիա է առաջացրել: Այդ պատճառով այն ներկայացնում եմ ավելի մանրակրկիտ: Սլովակիայի Քրեական օրենսգրքի թիվ 257/2009 օրենքի լրացումը, որն ուժի մեջ մտավ 01.09.2009թ-ին, հակահասարակական գործուղություններից պատիժ էր նախատեսում միայն հոլոքաուստը մերժողների համար: Մյուս ցեղասպանությունների մերժման նկատմամբ պատժի կիրառումը, ներառյալ Հայոց ցեղասպանությունը, կատարվեց իմ օրենսդրական նախաձեռնության շնորհիվ, որի իրավունքը ես ունեի որպես պետության փոխվարչապետ եւ արդարադատության նախարար: 2008թ-ի նոյեմբեր 19-ին ես կառավարության քննարկմանը ներկայացրեցի Սլովակիայի Քրեական օրենսգրքի իմ կողմից կատարած լրացումը, եւ կառավարության հանձանարարությամբ ես ներկայացրեցի օրենքի նախագիծը Սլովակիայի ԱԽ-ի հաստատմանը: Այն ամբողջովին հաստատվեց եւ օրենքի ուժ ստացավ 2009թ-ի սեպտեմբերի մեկից: Լրացումների իմաստը կայանում է նրանում, որ մինչ այդ գործող § 422-ի 2-րդ պարբերության ձեւակերպումը փոխվում էր նորով` § 424 Ա-ով, որը պատիժ է սահմանում ամեն տիպի ցեղասպանություննրի, մարդկության դեմ ոճիրների, զինվորական հանցագործությունների /որոնք սահմանվում են միջազգային դատարանի, հռոմեական ստատուտի եւ միջազգային զինվորական տրիբունալի Խարտիայի 1945թ-ի օգոստոսի 8-ի լոնդոնյան պայմանագրով/ հրապարակավ արդարացման, մերժման եւ կամ մեղմացման դեպքում: ԵՀՄՖ Ինչը ստիպեց ԱԽ-ին այսպիսի օրենքի ընդունմանը: Շտեֆան Հարաբին Սլովակիայի ԱԽ-ը 2004թ-ի նոյեմբեր 30-ին ընդունեց ? 1341 բանաձեւը Հայոց ցեղասպանության հաստատման շուրջ, որտեղ ասված է. «Սլովակիայի Հանրապետության Ազգային Խորհուրդն ընդունում է 1915թ-ին Հայոց ցեղասպանությունը որպես փաստ, որի ընթացքում մահացել են Օսմանյան Կայսրության մեջ ապրող հարյուր հազարավոր հայեր եւ համարում է կատարվածը հանցագործություն ընդդեմ համայն մարդկության»: Որպես դատավոր, որը չէր կարող անտարբեր լիներ հասարակական գործերի նկատմամբ եւ որպես արդարադատության նախարար` Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կառավարության կազմում, ես գիտակցում էի, որ ընդունված վերոհիշյալ բանաձեւը պետք է կյանքի կոչել եւ կիրառել: Ես համարում եմ, որ համանման բանաձեւերն ունեն իմաստ ու նշանակություն ապագայի համար, ինչպես նաեւ իրավական ուժ միայն այն դեպքում, երբ նրանք ներդրվում են իրավական համակարգում կոնկրետ միջոցառումների շնորհիվ: Հակառակ դեպքում դրանք միայն դատարկ ժեստեր են, որոնք հասարակությանը տանում են դեպի բարոյական ճգնաժամ: ԵՀՄՖ Արդյոք չկա հակասություն իր սեփական կարծիքն ասելու մարդու իրավունքի, ազատ խոսքի եւ քրեական օրենսգրքի վերոհիշյալ հանցագործությունները պատժող հոդվածի միջեւ` հատկապես հասարակության գիտակցության մեջ ոչ ամրապնդված հանցագործությունների հարցում: Շտեֆան Հարաբին Բացահայտ հայտարարում եմ, որ մարդու կյանքն անհամեմատ ավելի բարձր եմ գնահատում, քան խոսքի ազատությունը: Ես պաշտպանում եմ այն կարծիքը, որ հոլոքաուստի եւ ցեղասպանության մերժումը այլասերվածություն է եւ միաժամանակ արհամարանք միլիոնավոր անմեղ զոհերի, այդ թվում երեխաների, կանանց հիշատակի նկատմամբ, որոնք ոչնչացվել են բռնակալության ճիրաններում: Այս քայլով ես ընդունեցի քաղաքական սպեկտրի որոշ ներկայացուցիչների կողմից ինձ նետված մարտահրավերը, այդ թվում Սլովակիայի Ներքին Գործերի այսօրվա նախարար Դանիել Լիբշիցի կողմից: Վերջինս նույնիսկ առաջարկում էր քրեական օրենսգրքից հանել հոլոքաուստը եւ, հանդիսանալով Սլովակիայի նախորդ տարիների արդարադատության նախարար, նա դադարեցրել էր այդ ահավոր ոճրագործության զոհերին` որբերին եւ այրիներին ֆինանսական օգնություն ցուցաբերելու գործընթացը: Ով չգիտի իր պատմությունը եւ չի հարգում իր նախնիներին, մեծ դժվարությամբ կկառուցի խաղաղ ապագան: ԵՀՄՖ Ինչպե՞ս եք Դուք գնահատում Ֆրանսիայի Սենատի որոշման դեմ Թուրքիայի այս մակարդակի ագրեսիվ արձագանքը, եւ ինչու՞ Սլովակիայի ԱԽ-ի ընդունված օրենքի շուրջ Թուրքիայի ռեակցիան համանման չէր: Շտեֆան Հարաբին Ես չէի ցանկանա, նմանվելով քաղաքական գործիչներին, տալ խուսափողական պատասխան, բայց ես դատավոր եմ եւ ոչ քաղաքագետ ու իրավունք չունեմ հրապարակավ գնահատական տալու այլ պետությունների քայլերին: ԵՀՄՖ Եթե թուրքական պաշտոնական ներկայացուցիչները Սլովակիայում հրապարակավ մերժեն Հայոց ցեղասպանության փաստը, ի՞նչ պատիժ կկիրառվի նրանց նկատմամբ: Շտեֆան Հարաբին Իր կատարած քայլերի համար քրեական պատասխանատվություն կրող ցանկացած քաղաքացի պարտավոր է Սլովակիայի տարածքում պահպանել գործող օրենքները: Բացառություն կարող են ունենալ միայն նրանք, ովքեր օգտվում են դիվանագիտական անձեռնամխելիություն ունենալու արտոնությունից, որը սլովակյան պետությունը պարտավոր է հարգել համաձայն միջազգային իրավական նորմերի: Համանման իրավիճակում կարող է հայտնվել պաշտոնյան նաեւ այլ երկրներ, ինչպես օրինակ` ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, Բրազիլիա, Սաուդյան Արաբիա, Հայաստան կամ Թուրքիա այցելելիս: Օրենքների պահպանումը հանդիսանում է մշակույթի եւ տվյալ պետության բարոյական մակարդակի մասին խոսող փաստ, որը բացահայտվում է տվյալ երկրի ներկայացուցչի /այս դեպքում Թուրքիայի/ այլ երկրներ այցելելու ժամանակ: Եթե տվյալ երկրի օրենքը չի հարգվում, ապա բարձրացվում է այն խախտողի պատասխանատվության հարցն օրենքի առաջ: Սլովակիայի տարածքում օրենքի առաջ բոլորը համահավասար պատասխանատվություն են կրում, ներառյալ օտարերկրացիները: ԵՀՄՖ Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը. Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը պետք է սատարի այս օրենքը Սենատի կողմից տրված ձեւակերպմամբ, թե հարկ է այն փոխել: Շտեֆան Հարաբին Ֆրանսիայի Սենատն այս հարցի շուրջ վարվեց ճիշտ այնպես, ինչպիսին Սլովակիայի ԱԽ-ի ռեակցիան էր: Ներողություն եմ խնդրում, բայց որպես դատավոր ես երբեք չեմ մեկնաբանում իմ գործընկերների կողմից կատարածը, առավել եւս սուվերեն երկրի սահմանադրական դատարանին վերաբերվող խնդիրները: Ինչպիսին էլ լինի որոշումն, իրավական երկրի անկախ դատարանի կողմից ընդունված ցանկացած արդյունք հարկավոր է հարգել: ԵՀՄՖ Ի՞նչ պատասխանատվություն պետք է կրի այսօրվա Թուրքիան այն հանցագործությունների համար, որը կատարել է թուրքական կառավարությունը Օսմանյան Կայսրության վերջին տարիների ընթացքում: Շտեֆան Հարաբին Կարծում եմ, որ տվյալ ժողովրդի զարգացման աստիճանը եւ ձեռքբերումներն արտահայտվում են նաեւ իրենց կողմից կատարած սխալներն ընդունելու ունակությամբ ու դիմացինից ներողություն խնդրելու ընդունակությամբ: Միաժամանակ նշում եմ, որ ես խմբակային հանցագործությունների որակավորման սկզբունքի կոմնակիցներից չեմ, ինչպես նաեւ հաջորդ սերունդների մեղավորության պսեւդոտեսությանը դեմ եմ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Սլովակյան պետության տարածքից տեղահանվել են հրեաները, գնչուները եւ ֆաշիզմի ներկայացուցիչների հայացքները չհանդուրժողները: Պետությունը պարտավոր է վճարել, կոմպեսացնել այդ հանցագործություններից մազապուրծ եղածներին: Ահա այստեղ է, որ պետք է գործի ազատ խոսքը, պետք է գրել եւ խոսել այդ մասին` մատնացույց անելով կոնկրետ անձերի այլասերված արարքները, որպեսզի հաջորդ սերունդները գիտակցեն, թե ինչին կարող է հանգեցնել մարդկանց իրավունքների սահմանափակումը: Օրենքները պահպանող օրինավոր մարդը հարգում է այլոց ապրելու իրավունքը, հարգում է մահացածների հիշատակը եւ հատկապես նրանց, որոնք հանցագործությունների զոհ են հանդիսացել եւ առավել եւս ցեղասպանության: ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play