«Պատմությանը դեմ հանդիման. Սումգայիթ, Խոջալու…» խորագրով երեկո Վրաստանում


«Պատմությանը դեմ հանդիման. Սումգայիթ, Խոջալու…» խորագրով երեկո Վրաստանում

  • 28-02-2012 17:19:21   | Վրաստան  |  Մշակույթ
Փետրվարի 27-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը եւ Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը կազմակերպել են «Պատմությանը դեմ հանդիման. Սումգայիթ, Խոջալու…» խորագրով երեկո: Նախքան բուն միջոցառումը Թբիլիսիի Ս. Էջմիածին (Էջմիածնեցոց Սուրբ Գեւորգ) եկեղեցում տեղի է ունեցել Սումգայիթի, Բաքվի եւ Մարաղայի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողություն: Այնուհետեւ Վրաստանի մշակութային եւ հասարակական տարբեր հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ «Հայարտուն» մշակութային կենտրոնում կայացել է հուշ-երեկո, որի բացման խոսքով հանդես է եկել Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը: Դեսպանն իր խոսքում, մասնավորապես, նշել է Արցախի ժողովրդի ինքնորոշման արդար եւ օրինական պահանջի, արցախյան շարժման սկզբից մինչեւ օրս շարունակվող ադրբեջանական կողմի անհանդուրժողականության եւ ոչ կառուցողականության, 80-ականների վերջին Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների հովանավորությամբ եւ թողտվությամբ իրականացված վայրագությունների, պատմական փաստերի խեղաթյուրման եւ զեղծարարությունների, ներկայիս բանակցային գործընթացում Ադրբեջանի ղեկավարության ապակառուցողական մոտեցումների եւ հայատյացության քարոզչությանն ուղղված քաղաքականության մասին: Խոսքով հանդես է եկել ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը: Համառոտ պատմական ակնարկից հետո թեմի առաջնորդն անդրադարձել է ազգամիջյան հարաբերություններում հանդուրժողականության անհրաժեշտության կոչով եւ հույս հայտնել, որ ողջամտությունը կհաղթանակի ու իրականություն կդառնա խաղաղ Կովկասում հարատեւ համակեցության մեծագույն նպատակը: Երեկոյի ընթացքում ցուցադրվել են հատվածներ սումգայիթյան իրադարձությունների մասին պատմող փաստավավերագրական ֆիլմից: Այս դեպքերը լուսաբանող պատմական ակնարկով հանդես է եկել համայնքային գործիչ Ենոք Թադեւոսյանը: Միջոցառման երկրորդ մասում անդրադարձ է կատարվել Խոջալուի դեպքերին, Բաքվի կողմից իրական փաստերի նենգափոխմանն ու այդ ուղղությամբ տարվող քարոզչությանը: Համապատասխան մեկնաբանություններով հանդես է եկել պատմաբան Կարեն Օգանեսյանը: Ցուցադրվել են նաեւ հատվածներ Խոջալուի դեպքերի իրական պատկերը ներկայացնող վավերագրական ֆիլմից: Միջոցառումն ավարտվել է վրաց հասարակության կողմից ճանաչված գրող- հրապարակախոս Գիվի Շահնազարի ելույթով: Միջոցառման ավարտից հետո ՀՀ դեսպանը հարցազրույցներ է տվել վրացական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play