ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է փոքր դրամաշնորհների ծրագրի երկրորդ փուլի բացման մասին


ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է փոքր դրամաշնորհների ծրագրի երկրորդ փուլի բացման մասին

  • 15-03-2012 14:00:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը տեղեկացնում է 2012 ԱՄՆ հարկաբյուջետային տարվա Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի երկրորդ փուլի բացման մասին: Ծրագրի նպատակն է աջակցել ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ապահովմանն ու քաղաքացիական կրթության տարածմանը Հայաստանում: Հիմնական պայմաններ Ներկայացվող ծրագրերը պետք է վերաբերեն Հայաստանում քաղաքացիական հասարակության խթանմանը, ժողովրդավարական գործընթացների խորացմանը եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի մեծացմանը: Հատուկ ուշադրության կարժանան այն ծրագրերը, որոնք (1) նպաստում են անկախ մամուլի զարգացմանը. (2) աջակցում են փոքրամասնությունների իրավունքներին ինչպիսիք են` հաշմանդամները, կրոնական փոքրամասնությունների անդամները կամ ԼԳԲՏ համայնքը. (3) խթանում են կանանց հնարավորությունները եւ ներգրավում են կանանց իրենց համայնքներում որոշումներ ընդունելու գործընթացներին, հատկապես այն ծրագրերը, որոնք ուղղված են երիտասարդ կանանց. կամ (4) խթանում են Հայաստանի եւ հարեւան երկրների քաղաքացիների միջեւ շփմանն ու հաղորդակցմանը, հատկապես երիտասարդների շրջանում: Ծրագրերը պետք է հստակ սահմանեն, թե առաջարկվող գործունեության արդյունքում ինչ որոշակի ժողովրդավարական զարգացումներ տեղի կունենան Հայաստանում: Ծրագրի շնորհառուներ կարող են դառնալ հասարակական կազմակերպություններն ու անկախ լրատվամիջոցները, որոնց գործունեությունն ուղղված է այս նպատակների կենսագործմանը: Դրամաշնորհները չեն կարող օգտագործվել կուսակցական քաղաքական գործունեության նպատակով: Դրամաշնորհները պետք է օգտագործվեն կոնկրետ ծրագրերի իրականացման համար: Ծրագրային առաջարկներում պետք է ներկայացվեն իրագործվելիք խնդիրները, ակնկալվող արդյունքները եւ շահառուների շրջանակը: Ծրագրերը պետք է համահունչ լինեն կազմակերպության երկարաժամկետ նպատակների հետ: Ծրագրում պետք է նշվի ծրագրային աշխատանքների ժամկետը (ծրագրի սկզբի եւ ավարտի ամսաթվերը), որը չի կարող գերազանցել մեկ օրացուցային տարին: Մենք քաջալերում ենք այլ ՀԿ-ների հետ համագործակցությունը: Անհրաժեշտ է ներկայացնել ծրագրային ծախսերին վերաբերող մանրամասն եւ իրատեսական բյուջե: Բյուջեն հաշվարկվում է ԱՄՆ դոլարով եւ պետք է հստակորեն կապված լինի նկարագրական առաջարկում ներկայացվող ծրագրային աշխատանքներին: Շնորհառուների կողմից համաֆինանսավորման աղբյուրների որոնման քայլերը ողջունելի են: Ներկայացված առաջարկների գնահատման ժամանակ հաշվի է առնվում ծրագրի համապատասխանությունը Ժողովրդավարության հանձնաժողովի դրամաշնորհային ծրագրի նպատակներին, նախանշված ծրագրային խնդիրների, գործունեության մարտավարության եւ շնորհառուների խմբի ընտրության նպատակահարմարությունը, ինչպես նաեւ հայտատու կազմակերպության կարողությունը` իրականացնելու առաջարկվող ծրագրային նպատակները: Դեսպանատունը իրավունք ունի իրականացնել դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի կամ գործողությունների ուղեկցում (մոնիտորինգ): Դրամաշնորհային միջոցների հաշվին ֆինանսավորվող ծրագրի ավարտին շնորհառուն դեսպանատանը պետք է ներկայացնի հաշվետվություն ծրագրի ընթացքի վերաբերյալ (ծրագրային հաշվետվություն) եւ ֆինանսական հաշվետվություն: Հայտի ձեւերը կամ ծրագրի պայմանների մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել ԱՄՆ դեսպանատան ինտերնետային էջը` http://www.usa.am/cms/announcements.php: Բոլոր հայտերը պետք է լրացվեն անգլերեն լեզվով եւ ներկայացվեն ԱՄՆ դեսպանատուն (ք. Երեւան, Ամերիկյան փողոց 1) կամ [email protected] էլեկտրոնային հասցեով ոչ ուշ, քան 2012թ. ապրիլի 05-ը (մինչեւ ժամը 13:00): Դիմումի հայտի հետ կապված օգնության համար դիմել դրամաշնորհների մասնագետ Լիանա Սահակյանին՝ ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով կամ 37410 49 43 11 հեռախոսահամարով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play