ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը եւ Այռեքս կազմակերպությունը աջակցում են ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովների կազմակերպմանը


ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը եւ Այռեքս կազմակերպությունը աջակցում են ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովների կազմակերպմանը

  • 25-10-2010 14:54:29   | Հայաստան  |  Հասարակություն
Երեւան 2010թ. հոկտեմեբերի 25- ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովի ընթացքում 30 երիտասարդ կքննարկի <<Սահմանների բացում. հայ-թուրքական հարաբերությունների վերականգնում>> հիմնահարցը: ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նմանակումն է, որի ընթացքում մասնակիցները հանդես կգան որպես ՄԱԿ-ի անդամ պետությունների պատվիրակներ եւ ընդունված բանաձեւերի միջոցով կառաջադրեն հիմնախնդրի լուծման սեփական մոտեցումները: ՄԱԿ-ի մոդել ծրագրի նպատակն է տարածել ՄԱԿ-ի արժեքներն ու սկզբունքները` զինելով հայ երիտասարդներին դիվանագիտության, միջազգային հարաբերությունների, ժողովրդավարության, հակամարտությունների կարգավորման եւ զարգացման ռազմավարությունների շուրջ անհրաժեշտ գիտելիքների պաշարով: ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան նշեց. <<ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ուրախ է աջակցել ավանդական դարձած ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովին, որը հնարավորություն է տալիս երիտասարդությանը ոչ միայն ձեռք բերել համապարփակ գիտելիքներ ՄԱԿ-ի, բանակցային գործընթացի նրբությունների եւ հայ-թուրքական հարաբերությունների շուրջ, այլեւ նպաստում է երիտասարդների հաղորդակցման եւ դիվանագիտական հմտությունների զարգացմանը: ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովները ՄԱԿ-ի արժեքների տարածման արդյունավետ կամուրջներ են, ինչպես նաեւ` հիանալի հնարավորություն մասնակիցներին ավելի մոտ դարձնելու ՄԱԿ-ին, նրա գաղափարախոսությանը, սկզբունքներին ու ծրագրերին>>: ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի նախագահ Արմինե Պոդոսյանն ասաց. <<Դուք` Հայաստանի ապագա առաջնորդներդ, մեկ ամսից ավելի անցկացնելով հետազոտություններ ու մասնակցելով դասընթացներին, ձեռք եք բերել անհրաժեշտ դիվանագիտական ու բանակցային հմտություններ` քննարկելու մեր երկրի համար մեծ կարեւորություն ունեցող նուրբ այս հիմնահարցը: Վստահ եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների այս քննարկումը կզինի ձեզ լուծումների ավելի կառուցողական մոտեցումներով` այս գործընթացում ձեզ դարձնելով հայ երիտասարդության մղիչ ուժը>>: Խորհրդաժողովը կազմակերպել է ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության (ՄԱԿ ՀՏՎ), Միջազգային հետազոտությունների եւ փոխանակման խորհրդի (Այռեքս) եւ ԱՄՆ պետդեպարտամենտի հետ համագործակցությամբ: Մասնակիցները ներկայացնում են Մասկիի եւ Ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագրի Այռեքսի շրջանավարտների ցանցը, ՄԱԿ-ի Բնակչության ֆոնդի երիտասարդական ցանցը եւ երեւանյան տարբեր բուհեր: Խորհրդաժողովից առաջ մասնակիցների համար թվով երեք դասընթաց անցկացվեց Միավորված ազգերի կազմակերպության, Գլխավոր ասամբլեայի, նիստերի ընթացակարգի, հռետորության եւ բանակցային հմտությունների շուրջ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play