Գործելու է բնապահպանական ֆոնդը


Գործելու է բնապահպանական ֆոնդը

  • 29-03-2012 17:43:29   | Հայաստան  |  Տնտեսություն
Մարտի 29-ի նիստում Հայաստանի կառավարությունը հաստատել է ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական նպատակային ֆոնդ» ծրագրի գծով արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2012 թ. նախահաշիվը: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, հաստատվել են նաեւ ՀՀ ԿԱ ոստիկանության մի շարք ծրագրերի գծով արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2012 թ. նախահաշիվները, հատուկ նշանակության հողերում քաղաքաշինական գործունեություն իրականացման կարգը, ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2012 թ. նախահաշիվը, 2012-2014 թթ. ՀՀ ԿԱ ոստիկանության անասնաբուժական ոստիկանական դասակի կողմից կարանտինային սահմանափակումների իրականացման ծրագիրը։ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման ներդրման հայեցակարգին». համակարգի ներդրմամբ նոտարների եւ պետական մարմինների միջեւ կստեղծվի էլեկտրոնային կապ, որը կնպաստի նոտարական գործողությունների ճիշտ եւ արագ կատարմանը, քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը, «Սեյսմիկ ռիսկի գնահատման ծրագրերի կատարելագործում» ծրագրին, որի նպատակն է միջազգային պրակտիկայում կիրառվող սեյսմիկ ռիսկի մակարդակի գնահատման համակարգչային ծրագրերից ընտրել Հայաստանի պայմաններին մոտ ծրագիր եւ այն հարմարեցնել Հայաստանի տարածքի սեյսմիկ ռիսկի գնահատմանը եւ քարտեզագրմանը։ Գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պահուստների 2011 թ. համալրման եւ ծախսման հաշվետվությունը։ Կառավարությունը որոշել է հիմնադրել «Աուտիզմ ազգային հիմնադրամ», հաստատել դրա կանոնադրությունը։ Որոշման ընդունմամբ ակնկալվում է ստեղծել աուտիզմ եւ զարգացման այլ խանգարում ունեցող անձանց վերականգնման, կրթության եւ զբաղվածության անհրաժեշտ պայմաններ։
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play