Ամբողջությամբ կատարվել է բյուջետային մուտքերի ծրագիրը


Ամբողջությամբ կատարվել է բյուջետային մուտքերի ծրագիրը

  • 05-04-2012 12:50:09   | Հայաստան  |  Տնտեսություն
Հայաստանի կառավարության ապրիլի 5-ի կառավարության հերթական նիստը վարչապետ Տիգրան Սարգսյանը սկսել է 2012 թ. առաջին եռամսյակի բյուջետային հավաքագրման արդյունքի ամփոփումով։ Հայաստանի կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, կառավարության ղեկավարը նշել է. «Քանի որ հարկային եկամուտների խնդիրը 2011 թվականին բուռն քննարկման առարկա էր, եւ մտահոգություն կար բյուջեի կատարման հետ կապված` ուզում եմ ձեզ ներկայացնել առաջին եռամսյակի արդյունքները»: Ըստ վարչապետի, հարկային եւ մաքսային հավաքագրման, ինչպես նաեւ սոցիալական ապահովության վճարների ծրագիրն ամբողջությամբ կատարվել եւ նույնիսկ գերակատարվել է։ Հավաքվել է 177 մլրդ դրամ, ինչը 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 7 մլրդ 570 մլն դրամով։ «Այսպիսով, ծրագիրն ամբողջությամբ կատարվում է, եւ համոզված եմ, որ այս տեմպը մինչեւ տարեվերջ կպահպանենք»,- նշել է Տ.Սարգսյանը, միեւնույն ժամանակ տեղեկացնելով, որ կառավարությունն արդեն իսկ հաստատել է միջնաժամկետ ծախսային ծրագրի մակրոտնտեսական ցուցանիշները, համաձայնության եկել Կենտրոնական բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ։ Հանձնարարական է տրված բոլոր գերատեսչություններին, որպեսզի իրենց ծախսային ծրագրերը նախապատրաստեն երեք տարվա կտրվածքով։ «Այդ քննարկումը նույնպես կսկսենք, որպեսզի ըստ գերատեսչությունների մեզ համար հստակ լինեն առաջիկա երեք տարիների մեր ծախսերը»,- ընդգծել է կառավարության ղեկավարը։
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play