Բոլորս միասին մասնակցենք ծառատունկին և շաբաթօրյակին


Բոլորս միասին մասնակցենք ծառատունկին և շաբաթօրյակին

  • 10-04-2012 13:34:24   | Հայաստան  |  Տնտեսություն

Ապրիլի 14-ը մայրաքաղաքում հայտարարված է համաքաղաքային ծառատունկի եւ շաբաթօրյակի օր: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի համապատասխան կառույցներին եւ վարչական շրջաններին հանձնարարել է ապահովել համատիրությունների ու բնակիչների ակտիվ մասնակցությունը շաբաթօրյակին եւ ծառատունկին, ինչպես նաեւ պատշաճ իրազեկել շահագրգիռ գերատեսչություններին ու կազմակերպություններին` գործընթացն առավել հասցեագրված իրականացնելու համար.«Բացի կազմակերպված ծառատունկի, որն իրականացվելու է առանձնացված որոշակի վայրերում, բնապահպանության վարչությունը նաեւ բակերում է ծառերի տնկիներ հատկացնելու, որպեսզի մեր բնակիչները եւս հնարավորություն ունենան իրենց բակերում ծառատունկ իրականացնել: Բոլորս միասին մասնակցենք ծառատունկին եւ շաբաթօրյակին ու միասին մաքրենք մեր քաղաքը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Զեկուցվել է, որ լայն թափով շարունակվում են քաղաքապետարանի 2012թ-ի ծրագրերով նախատեսված բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքները: Մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն շուրջ 5000 ծաղկող թուփ է տնկվել: Ասֆալտապատման գործընթացին զուգահեռ, մեկնարկել են նաեւ վերգետնյա երեք անցումների կառուցման աշխատանքները: Անդրադառնալով նոր երթուղային ցանցի ներդրմանը, քաղաքապետը, կարեւորելով երթուղիների սպասարկման համար հայտարարված մրցույթների ժամանակին անցկացումը, ընդգծել է. «Մրցույթները լինելու են բաց եւ թափանցիկ: Կհաղթեն այն ընկերությունները, որոնք առավել հարմարվետ փոխադրամիջոցներ եւ պայմաններ կառաջարկեն մեր բնակիչներին»: Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի երթուղիները սպասարկող բոլոր նոր ավտոբուսները հընթացս կհամալրվեն GPS համակարգով եւ WiFi կապով: Պահանջը հստակ է նաեւ տնտեսավարող սուբյեկտների կողմից պարտադիր բարեկարգման նորմերը պահպանելու հարցում. բոլոր տնտեսավարող սուբյեկտները, համաձայն պայմանագրի, պարտավոր են բարեկարգել, կանաչապատել եւ խնամել իրենց օբյեկտների հարակից հատվածները: «Ամենօրյա աշխատանք տարեք տվյալ տնտեսվարողների հետ, որպեսզի ապահովեն իրենց հարակից տարածքների բարեկարգումն ու կանաչապատումը: Բոլոր նրանք, ովքեր չեն կատարի պայմանագրային պարտավորությունները, կենթարկվեն պատասխանատվության, ընդհուպ մինչեւ պայմանագրերի դադարեցում», շեշտել է Տարոն Մարգարյանը: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մայրաքաղաքի փողոցներն ու շենքերը հենաշարժողական խնդիրներ ունեցող բնակիչների համար հարմարավետ դարձնելու համատեքստում, քաղաքապետի հանձնարարությամբ այսուհետ շինարարական բոլոր նախագծերը որպես պարտադիր նորմ պետք է ներառեն թեքահարթակներ: Սա, ի դեպ, ինչպես շեշտել է Տարոն Մարգարյանը, վերաբերում է նաեւ նախորդ տարիներին տրված, բայց դեռեւս անավարտ շինարարություններին: Մայրաքաղաքի արտաքին տեսքն առավել գեղեցիկ եւ գրավիչ դարձնելու նպատակով, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, կմեկնարկեն Մաշտոցի պողոտայի, Աբովյան փողոցի եւ, ընդհանրապես, մայրաքաղաքի ճարտարապետական նշանակության եւ բարձրահարկ շենքերի գեղարվեստական լուսավորման աշխատանքները: Խորհրդակցության ընթացքում Երեւանի քաղաքապետին է ներկայացվել մարտի 8-ից ապրիլի 7-ը անցկացված «Ձեզ համար կանայք» խորագրով ակցիայի շրջանակում կանանց անվճար բուժօգնության միամսյակի արդյուքները, համաձայն որի նշված ժամանակահատվածում համաբուժարաններ դիմած 12500 կանանցից լաբորատոր գործիքային հետազոտություն է ստացել 9540–ը։ Քաղաքապետարանի առողջապահության վարչության կողմից ստացիոնար բուժոգնության է ուղեգրվել 619 հիվանդ, որոնցից բուժվել կամ բուժման մեջ է 165–ը։ Անվճար խորհրդատվություն են ստացել 63–ը, եւս 63–ը հերթագրման մեջ են ։ Ակցիայի շրջանակում 344 հիվանդ արդեն իսկ անվճար վիրահատվել է ։
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play