Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը կերկարաձգվի


Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը կերկարաձգվի

  • 19-04-2012 15:27:26   | Հայաստան  |  Տնտեսություն
Հայաստանի Հանրապետության կառավարության ապրիլի 19-ի հերթական նիստում որոշվել է սկսել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման գործընթացը։ Ինչպես «Նոյյան Տապան»-ին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, դրա անհրաժեշտությունը թելադրված է ՀՀ էներգետիկ անվտանգության եւ անկախության ապահովման եւ ՀՀ-ում միջուկային նոր էներգաբլոկի թողարկման ժամկետների հաշվառման նկատառումով։ ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արտոնագրի ժամկետն ավարտվում է 2016 թ.-ի սեպտեմբերի 1-ին` շահագործման նախագծային ժամկետի ` 30 տարի, ավարտին։ Մինչ այդ անհրաժեշտ է մշտապես բարձրացնել էներգաբլոկի անվտանգության մակարդակը եւ զուգահեռաբար նաեւ իրականացնել դրա շահագործման ժամկետի երկարաձգման համար պահանջվող միջոցառումները։ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին հանձնարարվել է մինչեւ 2013 թ.-ի մայիսի 5-ը կազմակերպել ծրագրի մշակման աշխատանքը, մինչեւ 2013 թ.-ի օգոստոսի 1-ը գնահատել այդ աշխատանքի իրականացման համար պահանջվող ֆինանսական միջոցների ծավալը, մինչեւ 2013 թ.-ի սեպտեմբերի 1-ը կառավարության հաստատմանը ներկայացնել երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիրը։ «Այս թեմայի շուրջ շատ շահարկումներ կան մամուլում։ Տեղյակ եք, որ այս օրերին Հայաստանում է գտնվում նաեւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը։ Մեր գործառույթներն այս բնագավառում խիստ թափանցիկ են։ Մենք հրապարակային դիմել ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին` խնդրանքով, որպեսզի մեզ ցուցաբերեն օժանդակություն, որպեսզի գործող ատոմակայանի գործունեության ժամկետը երկարաձգենք, ինչպես նաեւ նոր ատոմակայանի բլոկի կառուցման խնդրով, եւ մեկը մյուսին բացարձակապես պետք չէ հակադրել։ Երեկ մեր հանդիպման ժամանակ էլ մենք այս խնդիրը շատ հստակ ձեւակերպել ենք, հայտնել մեր կառավարության պաշտոնական տեսակետը, եւ այն ամբողջությամբ ստանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության աջակցությունը։ Եվ իրար հակադրելը, ինչ-որ տարբեր, ոչ ստույգ տեղեկություն տրամադրելը, կարծում ենք, տեղին չէ։ Այս որոշումն հենց այս տրամաբանության ներքո է, այստեղ ոչ մի նորամուծություն, ոչ մի գաղտնիք չկա, շատ հրապարակային գործառույթ է», - ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության մեկ այլ որոշմամբ սահմանվել են «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ աշխատակիցներին սոցիալական փաթեթի հատկացման կարգը եւ փաթեթի մեջ մտնող ծառայությունների ցանկը։ Որոշման նպատակն է Հայկական ԱԷԿ-ի առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններ ունեցող պաշտոններ զբաղեցնող անձանց համար ներդնել սոցիալական երաշխիքների միասնական համակարգ։
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play