Երեւանը ստանձնեց 2012թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաքի լիազորությունները


Երեւանը ստանձնեց 2012թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաքի լիազորությունները

  • 23-04-2012 13:23:19   | Հայաստան  |  Քաղաքական

Ապրիլի 22-ի ուշ երեկոյան սկսված եւ մինչեւ ապրիլի լույս 23-ի կեսգիշերն անց տեւած հանդիսությանը Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի հարակից տարածքում Երեւանը ստանձնեց Գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսն՝ ընդունելով էստաֆետը Բուենոս Այրեսից: Հայ գրատպության 500-ամյակի պետական հանձնաժողովի միջոցառումների ծրագրի շրջանակում անցկացված հանդիսությանը ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ տիկնոջ հետ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, բազմաթիվ պաշտոնատար անձինք, հանդիսության առիթով Հայաստան ժամանած արտասահմանյան պատվիրակությունների անդամներ: «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տիտղոսն ՅՈՒՆԵՍԿՕ-ն շնորհում է 2001թ.-ից, Հայաստանի 12-րդ մայրաքաղաք Երեւանը թվով 12-րդ Գրքի համաշխարհային մայրաքաղաքն է: Հարկ է նշել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական տարեթվերի ցանկում ընդգրկվել են Մեսրոպ Մաշտոցի 1650, Անանիա Շիրակացու1400, Սայաթ-Նովայի 300-ամյա, Հայ գրատպության 500-ամյա հոբելյանները: Ողջ տարվա ընթացքում Հայ գրատպության 500-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախաձեռնությամբ Երեւանում եւ արտասահմանում նախատեսված է անցկացնել բազմաթիվ միջոցառումներ, հանդիսություններ, կոնֆերանսներ, փառատոներ, միջազգային գիտաժողովներ, ցուցահանդես-տոնավաճառներ: Հայ գրատպության 500-ամյակի պետական հանձնաժողովի քարտուղար Վիգեն Սարգսյանը Երեւանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու պաշտոնական արարողությանը նշեց, որ քաղաքամայր Երեւանը աշխարհի առաջ բացված մի գիրք է, որի հին ու նոր էջերը շատ բան ունեն պատմելու համաշխարհային քաղաքակրթության ամենատարբեր ասպարեզների ու ժամանակաշրջանների մասին: «Այս տարի, Հայ գրատպության 500 ամյակով պայմանավորված, մենք ընդգծում եւ ի ցույց ենք դնում հատկապես այն էջերը, որոնք պատմում են հայ գրքի ու գրականության անցած ճանապարհի եւ ներկա հանգրվանի մասին»,- ասաց Վ.Սարգսյանը: Ըստ Հայ գրատպության 500-ամյակի պետական հանձնաժողովի քարտուղարի, դարեր ի վեր մեր ժողովրդի կողմից ստեղծած ձեռագիր մատյանների մի մասն էլ ընդամենը ամիսներ առաջ բացված եւ վսեմորեն կանգնած Մատենադարանի համալիրում է: «Մատենադարանը մեր ամեն ինչն է` լեզուն, գրականությունը, պատմությունը, գիտությունը, ծննդյան վկայականն ու կենսագրությունը, մեր գալիք բոլոր հաղթանակների խարիսխը, մեր մշտական ու հարատեւ մեկնակետը»,- նորակառույց համալիրի բացման օրը ընդգծել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ում «նախաձեռնությամբ եւ գործուն նվիրումի արդյունքում վեր խոյացավ հայ հին ձեռագրերի այս, հիրավի շքեղաշուք նոր գիտահետազոտական կենտրոնը` միաժամանակ հպարտության եւ արժանապատվության զգացումներով լցնելով հայ մարդու սիրտը»: Վ.Սարգսյանն ընդգծեց, որ իր համար նույնպես մեծագույն հպարտություն եւ պատասխանատվություն է հոյակերտ համալիրի դիմաց, հայ գրերի ստեղծող, սեւակյան բնորոշմամբ` Հայոց ինքնությունը կոփած ու կռած, «Արյան դեմ թանաք, Սրի դեմ `գրիչ, Եվ դարանի դեմ` Մատենադարան դրած» Մեսրոպ Մաշտոցի եւ Հայոց դպրության, գրչության ու գիտության երեւելիների հուշարձանների հարթակում, ներկան ու մասնակիցը լինելու «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» խորհրդանիշի փոխանցման այս հիշարժան հանդիսությանը: Մեզ բոլորիս` այս առիթով հյուր եկած բարեկամներին եւ մասնակիցներին, ոգեշնչում եւ միավորում է մեկ գլխավոր արժեք` սերը գրքի եւ լույսի հանդեպ»: Հայ գրատպության 500-ամյակի պետական հանձնաժողովի քարտուղար Վ.Սարգսյանը հիշեցրեց, որ դեռ Վռամշապուհ արքան, խորապես զգալով գրի ու գրչության անհրաժեշտությունը, ըստ ամենայնի աջակցում էր Մեսրոպ Մաշտոցին եւ Սահակ Պարթեւին, որ հետո հայ գրականության 5-րդ` ոսկեդար պիտի բերեր: Բագրատունյաց պետականության արշալույսին հայոց Աշոտ արքան, գնահատելով հանդերձ իր թիկնապահին, զորացրեց նրան: «Ընտիր ձեռագիրը հոգեւոր ոսկի է»,- ասաց նա եւ դպիրին հորդորեց գրչության լույսը տարածել: Տասերորդ դարի խոնարհ վանական եւ հանճարեղ բանաստեղծ Նարեկացին մագաղաթին թողած չափածո տողերով արդեն ամբողջ մի հազարամյակ քանի-քանի սերունդների ինքնամաքրման ճանապարհի անդավաճան ուղեկիցն է: Հեռավոր 1486 թվականին Հովհաննես գրիչն իր Հիշատակարանում հորդորում էր ոչ միայն կարդալ, այլեւ կարդալ տալ, գիրքը դիտելով վարդափթիթ եւ լուսերանգ բուրաստան, անմահության ջուր եւ կենաց հաց ու նաեւ հոգու բժիշկ: Արդեն 20-րդ դարում Չարենցը կգրի` Ամեն մի գիրք իր մեջ մի աշխարհ է ուրույն, Եվ պատմում են նրանք մեզ աշխարհի մասին: «Այս նշանակալի հոբելյանի եւ մասնավորապես «Գրքի համաշխարհային մայրաքաղաքի» տիտղոսը ստանձնելու առթիվ մենք մշակել ենք միջոցառումների շատ ընդգրկուն ծրագիր, որն արժանացել է ՅՈւՆԵՍԿՕ-ի հավանությանը: Մեր գրատպության ավանդույթները եւ այս ասպարեզում արձանագրված նորագույն ձեռքբերումները արժանավայել ներկայացնելու համար մեծագույն խթան է հանդիսանում նաեւ պատմությանն արված հետադարձ հայացքը: Թերթե՛նք 1912-1913 թվականների հայ մամուլը: Ամբողջը ողողված է Հայ գրերի գյուտի 1500 եւ Հայ գրատպության 400 ամյակներին նվիրված ստեղծագործություններով եւ կազմակերպված բազում միջոցառումների լուսաբանմամբ: Մեծագույն հպարտություն ես ապրում` տեսնելով, թե պետականություն չունեցող հայ ժողովուրդը 100 տարի առաջ ինչպես է տոնել այս նշանակալի հոբելյանները: Կոստանդնուպոլսից մինչեւ Թիֆլիս ու Բաքու, Ալեքսանդրապոլից, Շուշիից մինչեւ Մոսկվա, Պետերբուրգ եւ այլ հայաշատ բնակավայրեր երկու տարի շարունակ ուշադրության կենտրոնում են եղել գիրքն ու գրականությունը` շնորհիվ մեր գրողների եւ մտավորականների: Կազմակերպված տարաբնույթ միջոցառումների առանցքը երկու պատմական դեմքեր էին` Մեսրոպ Մաշտոցն ու Հակոբ Մեղապարտը: Նվիրական անուններ, որոնցից առաջինը մեզ Գիր պարգեւեց, իսկ երկրորդը` Գիրք»,- ասաց Վիգեն Սարգսյանը, հավելելով, որ ժամանակակից Երեւանը այս ամենի ժառանգորդն է, եւ դա պարտավորեցնում է համատեղել պետական ու հասարակական բոլոր պատկան կառույցների ջանքերը` գրի ու գրքի նշանակությունն առավելագույնս կարեւորելու համար: ««Գրքի մայրաքաղաք տիտղոսը մեզ համար մեծ խորհուրդ ունի: Ասելով «Գրքի մայրաքաղաք»՝ մենք առաջին հերթին հասկանում ենք «Գրողի մայրաքաղաք»-«Հրատարակչի մայրաքաղաք»-«Ընթերցողի մայրաքաղաք» եռամիասնությունը: Այսինքն` մայրաքաղաք, որտեղ անչափ կարեւորվում է գրողի դերը, հրատարակչական արվեստը եւ արվում է ամեն ինչ` ստեղծվող գրականությունը ընթերցողին հասցնելու համար: Այս ամենն էլ եւ կազմում է մշակված ծրագրերի գաղափարախոսությունը, որտեղ հատուկ նշանակություն է վերապահված մանկական միջոցառումներին, որոնցում մեր երեխաները դիտարկվում են որպես ապագա գրողներ, հրատարակիչներ եւ ընթերցողներ: Ինչեւէ, շուտով մենք ականատեսը կլինենք բազմազան միջոցառումների հաջորդական շքերթի, որի միջից մեզ կողջունի նորին գերազանցություն Գիրքը` մագաղաթից մինչեւ էլեկտրոնային հրատարակություններ»: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ «շուրջ 3-հազարամյա պատմություն եւ մշակութային մեծ ժառանգություն ունեցող մեր քաղաքն այսօր հպարտությամբ ու ոգեւորությամբ է ստանձնում գրքի համաշխարհային մայրաքաղաքի պատվաբեր տիտղոսը: Գիրն ու գրականությունը միշտ էլ կարեւոր տեղ ու դեր են ունեցել մեր ժողովրդի համար: Նաեւ դրա շնորհիվ է, որ դարերի ընթացքում կարողացել ենք դիմագրավել ճակատագրի բազմաթիվ փորձություններին: Աշխարհում քիչ քաղաքներ կան, որ Երեւանի պես կարող են հպարտանալ ծննդյան սեպագիր վկայականով: Դեռեւս մեր թվարկությունից առաջ 782 թվականին Հայոց Արգիշտի արքան է այդպես վավերացրել մեր քաղաքի ծնունդը: Մեր բազմադարյա պատմությունը գրագիտության, գրի ու գրքի հանդեպ մեծ ակնածանքի ու պաշտամունքի հասնող սիրո բազում վկայություններ ունի՝ գրի եւ գրչության հեթանոսական Տիր Աստծուց սկսած մինչեւ հայոց այբուբենին նվիրված մերօրյա հուշարձանները։ Հայոց ոսկեդարում, Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց գրերի ստեղծմանը հաջորդեց հայ հանճարների կողմից մագաղաթյա բազմաթիվ մատյանների ու գրքերի ստեղծումը: Պատահական չէ նաեւ, որ հայատառ առաջին նախադասությունը իմաստնություն ճանաչելու խրատ է պատգամում: Հպա՛րտ եմ, որ բազմադարյա գրական մշակույթ եւ 500-ամյա տպագրություն ունեցող մեր երկիրն այսօր ստանձնում է գրքի, գրականության եւ, ընդհանրապես, մշակույթի քարոզչության միջազգային պատասխանատվության մի մասը: Վստահեցնու՛մ եմ, որ Երեւանը հատկանշական դերակատարում կունենա՛ իր այս առաքելության մեջ եւ հաջորդ տարի պատվաբեր տիտղոսը Բանգկոգին կփոխանցի բովանդակային առումով հագեցած, առավել կարեւորված ու հարստացած։ Ավարտելով, նաեւ կվստահեցնեմ, որ Երեւանը ողջ տարվա ընթացքում պատրա՛ստ է սիրով հյուրընկալելու Ձեզ բոլորիդ եւ միջազգային գրասեր հանրությանը: Միասի՛ն ամրագրենք մեր ապագան»: Ողջույնի խոսքերով հանդես եկան նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատասխանատուները, Գրավաճառների միջազգային դաշնության, Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի եւ Գրադարանային ասոցիացիաների միջազգային դաշնության ղեկավարները. ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ հիշյալ երեք կազմակերպությունների ընտրությամբ է Երեւանը դարձել 2012թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Հանդիսությանը ազգային պարերով հանդես եկան Երեւանին էստաֆետը փոխանցած Բուենոս Այրեսից եւ Բանգկոկից /որը Երեւանից Գրքի համաշխարհային մայրաքաղաքի էստաֆետը կընդունի 2013թ./ ժամանած պարողները, իսկ Հայաստանի պարի պետական անսամբլի կատարմամբ վեր խոյացավ Հայոց Բերդը: Մատենադարանի հարակից հարթակի մատույցներից դուրս, Մաշտոցի պողոտայում հայ երիտասարդները պարում էին Գրքի համաշխարհային մայրաքաղաքներ հռչակված երկրների ազգային պարերը: Հատուկ էֆֆեկտների գործադրմամբ ներկաներին ներկայացվեցին Հայաստանի ու Երեւանի պատմության կարեւոր հանգրվաններն ու այդ պատմությունը կերտած Հայոց Մեծերը՝ Մերոսպ Մաշտոց, Մովսես Խորենացի, Անանիա Շիրակացի, Մխիթար Գոշ, Թորոս Ռոսլին, Գրիգոր Տաթեւացի եւ այլոք: Հանդիսությունը եզրափակեց տոնական հրավառությունը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play