Լույս է տեսել Տաիշա Աբելարի «Տղա հավանելու վերջը» պատմվածքների ժողովածուն


Լույս է տեսել Տաիշա Աբելարի «Տղա հավանելու վերջը» պատմվածքների ժողովածուն

  • 16-05-2012 11:00:00   | Հայաստան  |  Նոր գրքեր

Լույս է տեսել Տաիշա Աբելարի «Տղա հավանելու վերջը» պատմվածքների ժողովածուն, որի շնորհանդեսը օրերս կայացել է «Ակումբ» սրճարանում: «Ժողովածուն ներկայացնում է ծաղկաքաղ երիտասարդ հեղինակ Տաիշա Աբելարի պատմվածքներից: Դրանցում կենցաղային մանրապատումներն ու առօրյայի պարզ իրավիճակները, շնորհիվ կենդանի, «թափառող» լեզվի, վեր են ածվում ինքնության որոնման յուրօրինակ արահետների,- ասում է արձակագիր Գիրգոր Սարգսյանը,- Համանուն հերոսուհու արկածները` մերթ շատ սովորական, մերթ գրոտեսկի ու ֆանտաստիկայի սահմանը հատող, երբեմն էլ` շաղախված թաքուն լիրիզմով՝ կարծես առաջարկում են նոր ու թարմ մի հայացք` ուղղված այսօրվա մարդուն եւ նրա իրականությանը»: Ժողովածուն ընդգրկում է 10 պատմվածք եւ հատվածներ «Երազ» շարքից: Գիրքը ներկայացնում է գրողի եռամյա գրական գործունեության մի փոքրիկ մասը. Տաիշան հեղինակ է «Բալագույն կրծկալով կինը» վեպի, մի շարք բանաստեղծությունների, պատմվածքների: «Տաիշա Աբելարի պատմությունները վերաբերվում են «հետռոմանտիկական» իրադրությանը բնորոշ ուշ կապիտալիզմին,- մեկնաբանում է արվեստաբան Վարդան Ջալոյանը,- Բայց դա քիչ է ասել. հայկական հետռոմանտիզմը տարբերվում է անգլիականից հենց նրանով, որ առկա են ինչպես ֆեոդալական, այնպես էլ վաղկապիտալիստական մոդելը: Տաիշան եւ մեր մյուս կին տաղանդավոր գրողները հենց այս կոալիզիան են նկարագրում»: Գիրքը հրապարակել է «ակտուալ արվեստ» մշակութային միությունը՝ 400 տպաքանակով: Այն կարելի է ձեռք բերել «Ակումբ» եւ «Արտբրիջ» սրճարաններում, ինչպես նաեւ «Բուկինիստ» գրախանութում: «Բյուրոկրատ» գրախանութը մերժել է վաճառել՝ պատճառաբանելով, որ, եթե հեղինակն իրավունք ունի գրել այնպես, ինչպես ցանկանում է, գրախանութն էլ իրավունք ունի չվաճառելու այն, ինչ չի ուզում:
Նոյյան տապան  -   Նոր գրքեր