Սերգո Կարապետյան «Ամեն ինչ անելու ենք, որպեսզի ծիրանի ու առհասարակ պտուղ – բանջարեղենի արտահանումն իրականացվի ժամանակին»
08-06-2012 15:15:23 | Հայաստան | Տնտեսություն
Ծիրանի արտահանման գործընթացի նախաշեմին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր խորհրդակցության էր հրավիրել հանրապետությունից թարմ պտուղ-բաջարեղեն արտահանող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ներկայացուցիչներին:
«Անցյալ տարի շատ լավ կազմակերպվեց արտահանման գործընթացը, ինչը նպաստեց ինչպես մեր տնտեսության առաջընթացին, այնպես էլ տեղերից ստացվող դժգոհությունների նվազմանը: Պետությունը խրախուսում է արտահանումը, հատկապես միջազգային շուկայում հետաքրքրություն ներկայացնող ապրանքների դեպքում, ինչպիսին ծիրանն է: Բոլոր պայմանները ստեղծված են արտահանման հետ կապված խոչընդոտները բացառելու, գործընթացի մատչելիությունն ապահովելու համար, հարկային դաշտն ազատ է: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի ծիրանի ու առհասարակ պտուղ – բանջարեղենի արտահանումն իրականացվի ժամանակին ու անկորուստ: Հետեւողական աշխատանքների շնորհիվ կառավարութունը նպաստելու է արտահանման ծավալների մեծացմանը», -նշեց նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը` լսելով նաեւ պտուղ-բաջարեղեն արտահանող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ներկայացուցիչների առաջարկները: Վերջիններս իրենց հերթին հավաստիացրին, որ մթերման գները լինելու են խելամիտ, կողմերի համար փոխշահավետ, վճարումները կատարվելու են կազմակերպված եւ ժամանակին:
Նշվեց, որ ըստ թարմ պտուղ – բանջարեղենի արտահանման ծավալների մոնիթորինգի, ընթացիկ տարում նախատեսվող արտահանումները կգերազանցեն նախորդ տարվա ցուցանիշը:
Ի դեպ, այսօրվա դրությամբ 1746 տոննա թարմ պտուղ- բանջարեղենի արտահանման ցուցանիշը նույնպես զգալիորեն ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: