ՄԻԵԴ-ում շուտով կսկսվի Ադրբեջան գերեվարված ու սպանված Մանվել Սարիբեկյանի ծնողների անունից ներկայացված գանգատի քննությունը


ՄԻԵԴ-ում շուտով կսկսվի Ադրբեջան գերեվարված ու սպանված Մանվել Սարիբեկյանի ծնողների անունից ներկայացված գանգատի քննությունը

  • 03-07-2012 14:09:02   | Հայաստան  |  Իրավունք
 Շուտով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կսկսվի Ադրբեջանի կողմից գերեվարված ու սպանված ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի ծնողների՝ Մամիկոն Սարիբեկյանի եւ Սիրանուշ Բալյանի անունից ներկայացված գանգատի քննությունը: Ինչպես «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեց գանգատը նախապատրաստած եւ ԵԴ ներկայացրած «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի ղեկավար Արա Ղազարյանը, գանգատը Եվրոդատարանում է գտնվում արդեն մեկ տարի: Եվրոպական դատարան ներկայացված գանգատը ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ՝ Կյանքի իրավունք եւ 3-րդ՝ Խոշտանգում, հոդվածների հիմքով: Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն, Ադրբեջանի Հանրապետությունը որպես պատասխանող պետություն պատասխանատվություն է կրում հոդվածի նյութական իրավունքի եւ դատավարական իրավունքի բաղադրիչների ներքո: Անկախ այն հանգամանքից, թե որն է եղել Մանվելի մահվան պատճառը, պետությունը պատասխանատու է իր բացառիկ իրավազորության ներքո՝ կալանավայրում գտնվող անձի կյանքի համար, քանի որ կրում է պոզիտիվ պարտականություն կալանավորների կյանքի ու առողջության պահպանման համար: Ինչ վերաբերվում է մարմնական վնասվածքներին, ապա Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո վիճարկվում է, որ մահվանից առաջ Մանվելը ենթարկվել է խոշտանգումների, որից հետո կատարվել է ինքնասպանության իմիտացիա՝ հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով: Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո խախտվել են նաեւ Մանվել Սարիբեկյանի ծնողների իրավունքները, քանի որ որդու հետ տեղի ունեցած դեպքերը նրանց պատճառել են անասելի հոգեկան տառապանքներ: Գանգատում նշվում է, որ խախտվել է նաեւ նշված երկու հոդվածների դատավարական բաղադրիչը՝ Ադրբեջանի Հանրապետությունը չի ապահովել պաշտոնական անկախ հետաքննության անցկացում՝ մահվան եւ խոշտանգումների փաստերի հիմքով: Ավելին, Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են համագործակցել Հայաստանի Հանրապետության հետ իրավական պաշտպանության միջազգային կառուցակարգի՝ 1993թ. հունվարի 22-ին Մինսկում կնքված «Քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության մասին» Մինսկի կոնվենցիայի շրջանակներում, որի կողմ են նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը: Գանգատի շրջանակներում վիճարկվում են նաեւ Կոնվենցիայի 13-րդ եւ 14-րդ հոդվածները՝ արդյունավետ իրավական պաշտպանության միջոցների բացակայության եւ ազգային ծագումից դրդված խտրականության դրսեւորման հիմքերով: Մանվել Սարիբեկյանը հայ-ադրբեջանական սահմանի անմիջական հարեւանությամբ գտնվող ՀՀ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ էր: 2010թ. սեպտեմբերի 11-ի երեկոյան ժամը 17-ի սահմաններում Մանվել Սարիբեկյանն ընկերների հետ գնացել է գյուղի Քեղուտ կոչվող հանդամասի ուղղությամբ՝ մոտակա անտառից փայտ հավաքելու եւ իր ու գյուղի մյուս բնակիչների անասուններին փնտրելու նպատակով, որոնք կորել էին նախորդ օրը: Մանվելն առաջարկել է ընկերներին անտառում փայտ հավաքել, մինչեւ ինքը կորոնի անասուններին: Հանդամասում գտնվող ֆերմայի պահակից ձի վերցնելով, Մանվելը շարժվել է ֆերմայից քիչ հեռու գտնվող անտառապատ ձորակի ուղղությամբ, որտեղից այլեւս չի վերադարձել: 2010թ. սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձերբակալվել է հայ հետախույզ, ով ահաբեկչական գործողություններ կատարելու նպատակով դիվերսիոն խմբի հետ փորձել է հատել Ադրբեջանի սահմանը, սակայն ձերբակալվել է, իսկ խմբի մյուս անդամները դիմել են փախուստի: Իր հերթին ադրբեջանական ANS TV հեռուստաընկերությունը պատրաստել էր հատուկ թողարկում, որում ցուցադրվել է Մանվել Սարիբեկյանի հարցազրույցը հեռուստաընկերության աշխատակցի հետ: Սույն հարցազրույցն այնուհետեւ տեղադրվել է www.youtube.com կայքում, որտեղից էլ լայն հանրությունը ՀՀ-ում, այդ թվում նաեւ՝ Մանվելի ծնողները, տեղեկացել էին, որ Մանվելը գտնվում է Ադրբեջանում, ձերբակալվել է հատուկ մարմինների կողմից եւ որ մեղադրվում է ահաբեկչության փորձի մեջ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակը փորձել էր Ադրբեջանի իր գործընկերներից թույլտվություն ստանալ Մանվել Սարիբեկյանի հետ հանդիպելու համար, սակայն ադրբեջանական կողմը մերժել էր: 2010թ. հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը եւ զինվորական դատախազությունը համատեղ հայտարարություն էին տարածել այն մասին, որ Մանվել Սարիբեկյանն ինքնասպան է եղել կալանքի տակ գտնվելիս: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նա ինքնասպան էր եղել հոկտեմբերի 5-ին, գիշերը ժամը 3-ի սահմաններում կախվելու՝ կալանքի տակ գտնվելիս պարանոցին վերնաշապիկից եւ սավանից պատրաստված օղակ հագցնելու միջոցով: Մոտ մեկ ամիս անց, 2010թ. նոյեմբերի 4-ին ադրբեջանական իշխանությունները Հայաստանին հանձնել են Մանվել Սարիբեկյանի դին քայքայված վիճակում: Դիակի զննությամբ պարզվել է, որ այն պատշաճ կերպով չի պահպանվել Ադրբեջանում: 2010թ. նոյեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության Ճամբարակ քաղաքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ առանձին դաժանությամբ եւ ազգային ատելության շարժառիթներով սպանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ եւ 13-րդ կետերի հատկանիշներով: ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությանը: 2010թ. նոյեմբերի 5-ին նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ Մանվելի մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ, որոնք ունեին խոշտանգման հատկանիշներ, չէին կարող առաջանալ կախվելու հետեւանքով եւ որոնք առաջացել էին մահվանից մեկ եւ երկու օր առաջ: Գյուղի մի շարք բնակիչներ, ովքեր մասնակցել էին Մ. Սարիբեկյանի հուղարկավորությանը, նույնպես նկատել էին նրա մարմնի վրա բռնության տեսանելի հետքեր: Արա Ղազարյանը հայտնեց, որ ինքը պատրաստվում է Եվրոդատարանին տեղյակ պահել, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող գործը կասեցվել է, քանի որ Հայաստանի գլխավոր դատախազի` Ադրբեջանի իր պաշտոնակցին ուղղված ուղղակի եւ միջնորդավորված երկու հարցումները մնացել են անպատասխան: Առաջնորդվելով 22.01.1993թ. կնքված «Քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության մասին» Մինսկի կոնվենցիայով՝ ՀՀ գլխավոր դատախազը քննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը եւ լրիվությունն ապահովելու համար խնդրել էր աջակցել քրեական գործի քննությանը եւ, մասնավորապես, հայտնել, թե արդյոք Ադրբեջանի քննչական մարմինների կողմից կատարվու՞մ է քննություն Սարիբեկյան Մ. Մ.-ի բռնի մահվան դեպքի առթիվ, եթե՝ այո, ապա ուղարկել քրեական գործը կամ քրեական գործի նյութերը: ՀՀ Գլխավոր դատախազությունը երաշխավորել էր նաեւ, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից ստացված նյութերը կամ փաստաթղթերը օգտագործվելու են միայն քննության նպատակներով: Ա. Ղազարյանը հայտնեց նաեւ, որ Հայաստանում կան փաստաբաններ ու իրավապաշտպաններ, ովքեր նպատակ ունեն դիմել Եվրոդատարան սահմանի վրա հակառակորդի գնդակից սպանությունների դեպքերի առնչությամբ, ինչը փաստաբանի գնահատմամբ, «շատ լավ ու ճիշտ նախաձեռնություն է»: «ՓԱՍՏԻՆՖՈ»
Նոյյան տապան  -   Իրավունք