Գագիկ Հարությունյան. ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ - ՆՈՐ ՄԻՏՈՒՄՆԵՐ


Գագիկ Հարությունյան. ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ - ՆՈՐ ՄԻՏՈՒՄՆԵՐ

  • 03-07-2012 18:46:21   | Հայաստան  |  Վերլուծություն

Գագիկ Հարությունյան Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն 27 երկիր միավորող եւ շուրջ 500 մլն բնակչություն ունեցող Եվրամիությունը հանդիսանում է աշխարհի ամենախոշոր տնտեսությունը (ընթացիկ գներով հաշվարկված՝ ԵՄ ՀՆԱ-ն $16.4 տրիլիոն է, ինչը կազմում է համաշխարհայինի մոտ 28%-ը)։ Միեւնույն ժամանակ, այդ միությունն այսօր հայտնվել է քաղաքական եւ տնտեսական բարդ իրավիճակում։ Մասնավորապես, խիստ աճել են պետական պարտքերը, ինչի հետեւանքով ԵՄ որոշ երկրներում (Հունաստանում, Իսպանիայում եւ Իտալիայում) չի բացառվում, որ դեֆոլտ հայտարարվի։ Օրինակ, Իտալիայի պարտքը կազմում է սեփական ՀՆԱ 120%-ը, իսկ ս.թ. առաջին եռամսյակում արձանագրվել է տնտեսության 0.8% անկում, որի արդյունքում իտալական 26 բանկերի վարկանիշները իջեցվեցին: Գրեթե նույն իրավիճակն է Իսպանիայում, եւ միայն Գերմանիայի տնտեսության 0,5% աճն ապահովեց ԵՄ ՀՆԱ «զրոյական» կայունությունը եւ փրկեց միությունը ռեցեսիայից։ Ստեղծված իրադրությունն ամենատարբեր հարթություններում հայտարարություններ եւ կանխատեսումներ կատարելու հիմք է ծառայում, որոնցում չեն բացառվում եվրոպական արժույթի ու ընդհանրապես ԵՄ փլուզման սցենարները՝ դրանցից բխող ծանր հետեւանքներով։ Երբեմն նման հայտարարություններն ավելի շատ հիշեցնում են նախապես պլանավորված տեղեկատվական գործողություններ. որոշ քաղաքական գործիչների եւ վարկանիշային գործակալությունների գնահատականները կատարվում են շահադիտական դրդապատճառներով եւ նպատակ են հետապնդում ուղղորդել բորսաներում ու քաղաքական բանակցություններում ընթացող զարգացումները։ Սակայն անգամ այդ հանգամանքը վկայում է այն մասին, որ «եվրոպական նախագծի» համար սկսվել են փորձությունների ժամանակները։ Ճգնաժամի պատճառները Եվրոպական ճգնաժամը հետեւանք է ոչ միայն գլոբալ նեոլիբերալ մոդելի կենսունակության ռեսուրսների սպառման, այլեւ ԵՄ-ին բնորոշ կառուցվածքային եւ կառավարման համակարգային յուրահատկությունների։ Դրանք, չնայած գործադրվող ջանքերին, առայժմ թույլ չեն տալիս ձեւավորել միասնական քաղաքական-տնտեսական կանոններ, որոնք պարտադիր լինեն միության բոլոր անդամների համար։ Նման իրավիճակը հետեւանք է օբյեկտիվ, իսկ երբեմն էլ՝ սուբյեկտիվ (պայմանավորված անձնական կամ քաղաքական-տնտեսական շահերով) հանգամանքների։ Որպես եվրոպական համակարգի հիմնական թերացում առաջին հերթին դիտարկվում է «համաեվրոպական ինքնության» բացակայությունը։ Եվրոպացի ազգերն, անշուշտ, ունեն բազմաթիվ քաղաքակրթական ընդհանրություններ, սակայն զգալի են նաեւ մշակութային եւ քաղաքական ավանդույթների տարբերությունները։ Այս համատեքստում պետք է հատկապես հաշվի առնել Մեծ Բրիտանիայի գործոնը, որն առանձնահատուկ եւ ոչ միշտ կառուցողական դիրք է գրավում ԵՄ գործընթացներում ու հանդես է գալիս որպես հյուսիսատլանտյան («անգլո-ամերիկյան»), բայց ոչ մայրցամաքային եվրոպական նախագծի մասնակից։ Ավելին, (եթե հենվենք, մասնավորապես, Ու.Չերչիլի հիշողությունների վրա1), հետպատերազմյան Եվրոպայի «ճարտարապետությունը» պլանավորվում էր այնպես, որպեսզի այնտեղ բացառվի ուժի կենտրոն (եւ դա վերաբերում էր ոչ միայն Գերմանիային) ձեւավորելու հնարավորությունը՝ այդպիսով ապահովելով անգլոսաքսոնյան ռազմաքաղաքական եւ տնտեսական գերակայությունը։ Համաեվրոպական ինքնության հիմնախնդրում լրացուցիչ գործոն են դարձել նաեւ «մուլտիկուլտուրալիզմի» երեւույթը եւ դրանից բխող՝ Եվրոպայի էթնիկական կազմի (հետեւաբար նաեւ մշակութային կողմնորոշումների) փոփոխության կարծես թե անխուսափելի միտումը2։ Այս խնդրի լուծման ուղղությամբ կատարվող քայլերը (իմիգրացիոն օրենքների խստացումը, շենգենյան համաձայնությունների վերանայումը եւ այլն), հաշվի առնելով Մեծ Մերձավոր Արեւելքում եւ աֆրիկյան մայրցամաքում ընթացող աշխարհաքաղաքական եւ նեոգաղութատիրական բնույթի ցնցումների հետեւանքով դեպի Եվրոպա մեծացած իմիգրացիոն հոսքերը, առայժմ շոշափելի արդյունքներ չեն տալիս։ Միեւնույն ժամանակ, եվրոպական ԶԼՄ հրապարակումներից երբեմն այնպիսի կարծիք է ձեւավորվում, թե իմիգրանտների (ներգաղթյալների) դեմ ծավալված դիմադրությունը (որն արտահայտվում է ոչ միայն ինտելեկտուալների ստեղծագործություններում3, այլեւ ընդունում է ծայրահեղական գործողությունների տեսք՝ հիշենք նորվեգացի Բրեյվիկի նախադեպը) որոշակիորեն նպաստում է համաեվրոպական համերաշխության կայացմանը։ Սակայն այս ոլորտում նույնպես առկա են որոշակի հակասություններ։ Հակաիմիգրանտական մոտեցումները ԵՄ–ում առավել բնորոշ են պահպանողական կուսակցություններին։ Մինչդեռ այդ կուսակցությունները, որպես կանոն, հանդես են գալիս նաեւ իրենց երկրների ինքնիշխանության ամրապնդման դիրքերից, ինչը խոչընդոտում է համաեվրոպական ինտեգրացիոն գործընթացներին։ Առավել սերտ եվրաինտեգրման գաղափարին աջակից են եվրասոցիալիստները, որոնք էլ, իրենց հերթին, համեմատաբար հանդուրժողական դիրքորոշում ունեն «մուլտիկուլտուրալիզմի» հանդեպ4։ Վերոնշյալի համատեքստում, թերեւս, տեղին է հիշել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այն միտքը, թե Եվրոպայում շատ է ոչ թե իսլամը, այլ քիչ է քրիստոնեությունը։ Այդ իրողությունը եւ ընդհանրապես եվրոպական արդի քաղաքակրթական գործընթացներում տեղ գտած վիճելի միտումները հասարակագետները պայմանավորում են ներկայիս եվրոպական խիստ պարզունակացված արժեքային համակարգով։ Ինչպես հայտնի է, ԵՄ երկրներում գերակա նպատակ է հռչակվել համընդհանուր բարեկեցության (այս հասկացությունը նույնպես տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս) հասնելը, մինչդեռ նման հասարակական մոդելը պարունակում է բազմաթիվ ռիսկեր եւ համարվում է խոցելի։ Ըստ որոշ վերլուծաբանների՝ նման հայեցակարգային մոտեցման հենքում ընկած է Խորհրդային Միության օրինակը, որը նույնպես ձգտում էր ապահովել իր քաղաքացիների սոցիալական իրավունքները5։ Սակայն «եվրոպական բարեկեցությունը» (որն իր նյութական մակարդակով գերազանցում է, իսկ որոշ սկզբունքային հարցերում՝ աշխատանքի իրավունք, անվճար կրթություն եւ առողջապահություն, զիջում է խորհրդային պատկերացումներին) հենվում է «սպառողական հասարակության» կանոնների վրա (որի դեմ պայքարում էին «սոցիալիստական ճամբարում»)՝ այստեղից բխող հոգեւոր ոլորտի արժեքազրկման միտումներով։ ԵՄ պարագայում «բարեկեցության դոկտրինն» ունի նաեւ իր ֆինանսական արտահայտությունը՝ ի դեմս բյուջետային երբեմն չարդարացված բարձր ծախսերի, որոնք էլ բերում են պետական պարտքերի մեծացմանը։ Հատկանշական է, որ մինչեւ 2008-2009թթ. «մեծ ճգնաժամը» ԵՄ 27 երկրներից 14-ում կառավարություններում մեծամասնությունը պատկանում էր սոցիալիստներին, որոնք առավել կարեւորում են «բարեկեցության» թեզը։ Սակայն տնտեսական ռեցեսիան ցույց տվեց, որ բյուջետային առատաձեռնությունը ծանր հետեւանքներ է ունենում, եւ այսօր Եվրամիությունում կա ընդամենը 5 սոցիալիստական կառավարություն։ Սակայն Եվրոպան համակած սոցիալական բողոքի ցույցերից եւ հուզումներից հետեւում է, որ ոչ սոցիալիստական եւ զուտ շուկայական մոտեցումները նույնպես հղի են ռիսկերով, ու այդ ռիսկերը գուցե անգամ ավելին են, քան պետական բարձր հոգածության պարագայում, քանի որ կարող են հանգեցնել քաոտիկ իրավիճակների, ինչպես դա տեսնում ենք Հունաստանում։ Այդ առումով Ֆրանսիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում սոցիալիստ Օլանդի հաղթանակը պետք է համարել օրինաչափ եւ ադեկվատ եվրոպական արդի իրողություններին։ Ֆրանսուա Օլանդ. նոր միտումներ ԵՄ բոլոր անդամները, անշուշտ, ունեն հավասար իրավունքներ, սակայն գաղտնիք չէ, որ նրանցից ոմանք փոքր-ինչ «ավելի հավասար են, քան մնացածը»։ Այստեղ խոսքը, իհարկե, եվրոպական մասշտաբով գերտերությունների՝ Գերմանիայի, որին արդեն երբեմն անվանում են 4-րդ Ռեյխ, եւ Ֆրանսիայի մասին է։ Մինչեւ Ֆրանսիայում տեղի ունեցած նախագահական ընտրություները այդ երկրների ղեկավարները, չնայած որոշ տարաձայնություններին, համատեղ մշակել եւ ձգտում էին իրագործել ԵՄ-ը ճգնաժամից դուրս բերելու ծրագիրը (գլխավորապես՝ գերմանական դեղատոմսերով), որի հենքում ընկած էր բյուջետային սահմանափակումների եւ սոցիալական ոլորտում տնտեսումներ կատարելու ռազմավարությունը։ Իրադրությունը փոխվեց Ֆրանսուա Օլանդի նախագահ ընտրվելուց հետո, որը շեշտադրումն անում է ոչ այնքան տնտեսման, բյուջեի կրճատման քաղաքականության (չնայած դա էլ է մտնում Օլանդի պլանների մեջ. կառավարության նորանշանակ վարչապետն արդեն իսկ հայտարարել է կաբինետի անդամների աշխատավարձերի 30% նվազեցման մասին), որքան տնտեսության ակտիվացման եւ աճի ապահովման վրա։ Պետք է արձանագրել, որ նախագահի 60 կետից բաղկացած ծրագիրը բավական արմատական դրույթներ է պարունակում։ Մասնավորապես, ենթադրվում է փոքր ձեռնարկությունների հարկերի նվազեցում, իսկ բանկերի պարագայում՝ դրանց զգալի մեծացում, 150 հազար եվրոյից բարձր եկամուտ ունեցողների հարկերը կազմելու են 45%, իսկ 1 մլն-ից բարձր՝ 75%։ Օլանդը տնտեսության աճը պայմանավորում է գիտատար արտադրությունների զարգացմամբ, եւ նրա ծրագրային դրույթներում կարեւորվում են գիտության զարգացման եւ անգամ «գիտական արիստոկրատիայի» վերականգնման վերաբերյալ կետերը։ Խիստ հետաքրքիր է նաեւ Օլանդի մտադրությունը՝ ստեղծել եվրոպական նոր վարկանիշային գործակալություն, որն այլընտրանք կհանդիսանա մենաշնորհային դիրքեր գրաված Standart&Poors, Moody եւ Fitch rejtings ընկերություններին։ Սակայն Օլանդի նորարարությունները չեն սահմանափակվում միայն տնտեսությունով։ Արտաքին քաղաքականությունում նա մտադիր է վերախմբագրել իր նախորդի մոտեցումները։ Ինչպես հայտնի է, Ն.Սարկոզիի որոշմամբ 2009թ. Ֆրանսիան վերադարձավ ՆԱՏՕ ռազմական կառույցները6, իսկ 2010-ին Մեծ Բրիտանիայի հետ կնքվեց պայմանագիր ռազմական, մասնավորապես՝ միջուկային զենքի մշակման ոլորտում համագործակցության մասին. ԶԼՄ-ն մեկնաբանեց այդ պայմանագիրը որպես նախադեպը չունեցող եւ փաստորեն ֆրանս-բրիտանական համատեղ զինված ուժեր ստեղծելու սկիզբ (համաձայն այդ փաստաթղթի՝ կողմերը պայմանավորվել էին համատեղ 6,5 հազարանոց էքսպեդիցիոն ուժեր ստեղծել)։ Այլ տրամաբանությամբ է շարժվում Օլանդը, որն արդեն իրագործել է նախընտրական խոստումը՝ դուրս բերել Աֆղանստանից ֆրանսիական զինծառայողներին (նրանք լքելու են այդ երկիրը մինչեւ այս տարվա վերջը)։ Առանձին ուշադրության է արժանի Օլանդի՝ ֆրանս-գերմանական համատեղ ռազմական շտաբ ստեղծելու առաջարկը, ինչը որոշակի նախանշան է ՆԱՏՕ հետագա հնարավոր տրանսֆորմացիայի համատեքստում, եւ դա պետք է որ համընկնի Գերմանիայի քաղաքական գծի հետ. ինչպես հայտնի է, Ա.Մերկելը բավական զուսպ վերաբերմունք ունի ՆԱՏՕ հավակնությունների հանդեպ Լիբիայի եւ Սիրիայի հայտնի գործընթացներում։ Այսպիսով, չի կարելի բացառել, որ ֆրանսիական արտաքին քաղաքականությունը հյուսիսատլանտյան մոդելի հանդեպ կարող է փոխվել (կամ, ավելի շուտ, վերադառնալ դը Գոլի մոտեցումներին), ինչը կարող է նպաստել լիարժեք մայրցամաքային եվրոպական համակարգի կայացմանը։ 1?.????????, ?????? ??????? ????? (????? ??????), ??????? ????????????, ?., 1991. 2Տե՛ս, օրինակ, ?????????? ?., ????? ???????????????. ?????? ? ?????????? ????????, ?.7, #5, ?. 180. 2009. 3???? ???????, ????????: ??????????????, ???-?? ???, ?., 2012. 4Հարկ է նշել, որ ոչ բոլոր սոցիալիստներն են կիսում այդ մոտեցումը, եւ, մասնավորապես, վերոնշյալ Տիլո Սարացինը Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ էր։ 5 http://www.rodon.org/other/mivp.htm 6Ֆրանսիան, լինելով ՆԱՏՕ հիմնադիր 12 երկրներից մեկը, նախագահ դը Գոլի օրոք (1966թ.) դուրս էր եկել այդ կազմակերպության ռազմական կառույցներից։ «Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 7, 2012
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play