Կարեն Անդրեասյանը ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ է համարում


Կարեն Անդրեասյանը ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ է համարում

  • 21-03-2011 19:11:24   | Հայաստան  |  Իրավունք
 «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, խորհրդարանական նույնանուն խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլ իրականացնելու ընթացքում մեկ վրան կամ մեկ հովանոց տեղադրելու արգելքը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գնահատում է որպես մարդու իրավունքների խախտում, իսկ ՀՀ ոստիկանության գործողությունները՝ ոչ իրավաչափ: Մարտի 21-ի հայտարարությունում պաշտպանը նշել է, որ անձի կողմից մեկ վրանի տեղադրումը որպես ոչ զանգվածային հրապարակային միջոցառմանը ուղեկցող գործողություն` ինքնին չի կարող որակվել որպես հասարակական կարգի խախտում: Պաշտպանի այս եզրահանգումը հիմնված է հետեւյալ իրադարձությունների եւ իրավական փաստարկների վրա: Մարտի 16-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղած բանավոր հաղորդագրությամբ նշել է, որ 15.03.2011թ-ին երեկոյան այցելել են Ազատության հրապարակ, որտեղ փորձել են հացադուլ իրականացնող Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան կամ տաքացուցիչ տեղադրել, ինչին ոստիկանները ամեն կերպ խոչընդոտել են: Ըստ պաշտպանի, քննարկվող հարցի վերաբերյալ ՀՀ օրենսսդրության եւ միջազգային իրավական նորմերի վերլուծությունից բխում է հետեւյալը. - Խաղաղ ժողովներ, հանրահավաքներ, երթեր կամ ցույցեր (այդ թվում` նաեւ նստացույցներ), ինչպես նաեւ այլ միջոցառումներ անցկացնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ,Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասինե ՀՀ օրենքով: Նշված օրենքով ամրագրված է քաղաքացիների կողմից առանց լիազոր մարմնին իրազեկման ոչ զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնելու իրավունքը` հասարակական կարգը չխախտելու պայմանով: - Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված անկյունաքարային մոտեցումը դրսեւորվում է հավաքների ազատության իրավունքի ապահովման առնչությամբ ցուցարարների համար` իրենց տեսակետները արտահայտելուն ուղղված բավարար հնարավորության ապահովման պարտավորության պահպանման անհրաժեշտության մեջ: - Հավաքի ժամանակավոր բնույթի վերաբերյալ եզրույթը չպետք է կանխարգելի ոչ մշտական կառուցվածքների եւ վրանների տեղադրումը: «Վերոհիշյալ եզրակացությունը բխում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված` վտանգի տակ գտնվող անձի կյանքի պաշտպանության համար գործնական կանխարգելիչ միջոցներ կիրառելու պետության պոզիտիվ պարտավորության բովանդակությունից, առողջության պահպանման իրավունքի ապահովման` պետության համապատասխան պոզիտիվ պար-տա-վո-րու-թյուն-ներից, ինչպես նաեւ այն հանգամանքից, որ ՀՀ օրենսդրության մեջ բացակայում է հրապարակային մի-ջոցառում իրականացնելիս վրաններ կամ այլ ժամանակավոր կառույցներ տեղադրելու վերաբերյալ արգելքի մասին դրույթը: Ելնելով ՀՀ օրենսդրության եւ միջազգային նորմերի պահանջներից, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության անհրաժեշտությունից, ինչպես նաեւ ղեկավարվելով մարդասիրության հիմնարար սկզբունքով, կոչ եմ անում ՀՀ ոստիկանությանը թույլատրել վրանի կամ հովանոցի տեղադրումը»,- ասված է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունում:
Նոյյան տապան  -   Իրավունք