Գյումրու «Չերքեզի ձորին» ոչնչացում է սպառնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Գյումրու «Չերքեզի ձորին» ոչնչացում է սպառնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 05-10-2012 10:56:20   | Շիրակի մարզ  |  Տնտեսություն



«Չերքեզի ձորը գեղեցիկ է գարնանը, թեեւ ձնծաղիկը թառամած է, բայց ղաթիփան՝ ուտելու դեղին ծաղիկը, մանուշակը եւ այլ գույնզգույն ծաղիկները կժպտին, կզարդարեն կանաչները: Ուտելու դեղին ծաղիկները խաղողի ողկույզի նման բերանս կքաշեմ ու կուտեմ: Առաջիցս կերթար Զավարյան, որ ծաղիկներ կհավաքեր ընտրությամբ»,- գրում է Ռուբեն Տեր-Մինասյանը իր հուշերում: Կարծում եմ, այլ բառեր չարժեր փնտրել` պատմելու Ձորի երբեմնի գեղեցկության մասին: Գյումրու, որպես քաղաքի ձեւավորման մասին մի շարք պատմաբաններ նշում են, որ 19-րդ դարասկզբին «Չերքեզի ձորում» ծվարած, մի քանի տասնյակ խրճիթներից բաղկացած բնակավայրը արհեստագործության շնորհիվ կարճ ժամանակամիջոցում վերածվեց եվրոպական նոր քաղաքներին բնորոշ հատկանիշներով օժտված բարեկարգ մի քաղաքի: Այսինքն ամենահին Գյումրին սկիզբ է առել ներկա քաղաքի կենտրոնական մասում ընկած «Չերքեզի ձոր» կոչվող երբեմնի ծառապատ ու գեղատեսիլ տարածքից, որն այսօր դատապարտված է ոչնչացման: Առհասարակ, «Չերքեզի ձոր» տեղանվան վերաբերյալ կա պատմական երկու կարծիք: Համաձայն առաջինի, այն կապվում է Արեւելյան Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ մտնելու իրադարձությունների հետ: Չերքեզները (այդ անվամբ են Ռուսական կայսրությունում հայտնի եղել Հյուսիսային Կովկասի ժողովուրդները, որոնք 19-րդ դարում ավելի քան քառորդ դար պայքարել են ռուսական պետության դեմ՝ հանուն անկախության), ըստ Գյումրի-Ալեքսանդրապոլում տարածված ավանդության, Օսմանյան կայսրություն գաղթելու նապատակով, իբր վրաններ են խփել այս ձորում մինչեւ իրենց կազմակերպված տեղափոխումը: Այստեղից է «Չերքեզի ձոր» անվանումը: Մյուս վարկածի համաձայն, ռուսական երկու գնդեր, որոնք մասնակցել են1826-1829թթ. ռուս-թուրքական պատերազմին, կոչվել են մեկը` կաբարդինական, մյուսը` չերքեզական: Այստեղից է մինչեւ հիմա քաղաքում հայտնի «կաբարդինսկի» գունդ եւ «չերքեզի» անվանումները: Եթե թերթենք անցած տասնամյակների քաղաքային մամուլը, կհանդիպենք մի շատ զարմանալի փաստի. չկա մի տարի, որ մամուլն անդրադարձած չլինի Չերքեզի ձորի պահպանության եւ այն քաղաքի բնակչության համար հանգստյան գոտու վերածելու խնդրին: Սակայն սովորականի նման` գրելով ոչինչ չի փոխվել: Ու եթե մինչ երկրաշարժն այս գեղատեսիլ ձորին պատշաճ ուշադրություն չէին արժանացնում, ապա երկրաշարժից հետո ձորը վերածեց կիսով չափ աղբանոցի ու տնակային ավանի, որտեղ կտրատվեցին նաեւ բազմաթիվ ծառեր ու թփեր: Իսկ մի ժամանակ «Չերքեզի ձորի» տարածքում իրար հարեւանությամբ բխող սառնորյակ աղբյուրների քաղցրահամ ջրերով է հագեցրել ծարավը Գյումրի-Ալեքսանդրապոլ քաղաքը, նույնիսկ հիմա էլ կան հին ջրագծերը: Դրանցով հոսելով՝ ձորի ջրերը հասնում են մինչեւ քաղաքային «Գորկա» կոչվող զբոսայգի եւ ապա թափվում կենտրոնական կոյուղի: Եվ դա այն դեպքում, երբ քաղաքի կանաչ տարածություններն ու անգամ զբոսայգին խնամելու համար ոչ ջուր կա եւ ոչ էլ ջրագիծ: Ներկայացնում ենք «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութը «Չերքեզի ձորի» մասին` առանց մեկնաբանության:
Նոյյան տապան  -   Տնտեսություն